Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման
Աշխարհ
Մոսկվայի Տվերսկոյ շրջանային դատարանը մայրաքաղաքի խոշոր առևտրի կենտրոնների՝ Columbus-ի, «Պրաժսկի պասաժի» և «Արմադա» կահույքի կենտրոնի նախկին համասեփականատեր Սոլոմոն Մանաշիրովին հեռակա կարգով դատապարտել է 12 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Միջազգային հետախուզման մեջ գտնվող գործարարը մեղավոր է ճանաչվել շորթման, հարկերի վճարումից խուսափելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Դատարանը նաև որոշել է բռնագանձել Մանաշիրովի՝ քննության ընթացքում կալանքի տակ դրված 141 մլն ռուբլի արժողությամբ գույքը և բավարարել տուժող կողմի՝ 530 մլն ռուբլու քաղաքացիական հայցը։ Դատավճիռը համապատասխանում է պետական մեղադրողի պահանջած պատժին։
Պարբերականի տվյալներով, Ադրբեջանի Կրասնայա Սլոբոդա ավանում ծնված 55-ամյա Մանաշիրովի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել 2016 թվականի մարտին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Մոսկվայի Կիրովոգրադսկայա փողոցում գտնվող առևտրի կենտրոնի սեփականատեր «Կարենֆոր» ընկերության կողմից հարկերի վճարումից խուսափելու համար։
Քննությամբ պարզվել է, որ 2012–2014 թվականներին ընկերությունը չի վճարել շուրջ 978 մլն ռուբլու ավելացված արժեքի հարկ։ Ըստ մեղադրանքի, հետագայում այդ միջոցները լվացվել են 18 փոխկապակցված կազմակերպությունների միջոցով։
Ավելի ուշ գործին ավելացել է շորթման դրվագը։ Ըստ քննության և դատարանի, Սոլոմոն Մանաշիրովն ավագ եղբոր՝ Գենադիի հետ գործարար Ժանուկո Ռաֆայիլովից և նրա եղբորից՝ Դոնից, պահանջել է 5 մլն դոլար՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դիմաց։ Հարցը լուծելու համար եղբայրները մտադիր էին օգտագործել մայրաքաղաքի ոստիկանների հետ իրենց կապերը։
2015 թվականի նոյեմբերին Ռաֆայիլովի՝ ԱԴԾ-ին դիմելուց հետո, 2 մլն ռուբլու առաջին մասնաբաժինը փոխանցելիս ձերբակալվել են երկու քննիչ և որպես միջնորդ հանդես եկող Գենադի Մանաշիրովը։ 2018 թվականին սխեմայի մասնակիցները դատապարտվել են կոռուպցիոն հանցագործությունների համար։
Գենադի Մանաշիրովը հետագայում կաշառակերությանը միջնորդելու և շորթման համար դատապարտվել է ընդհանուր առմամբ 15 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ 2026 թվականի սեպտեմբերին սկսվել է նաև նրա դատավարությունը սպանության մեղադրանքով, որը, ըստ քննության, կատարվել է շուրջ 24 տարի առաջ՝ արյան վրեժի շարժառիթով։
Սոլոմոն Մանաշիրովը Ռուսաստանից հեռացել է 2016 թվականին և այդ ժամանակվանից գտնվում է արտերկրում։ Նա ունի իսրայելական անձնագիր։ Նրա նկատմամբ հարուցված քրեական գործը քննվել է ամբաստանյալի բացակայությամբ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է