Մադուրոն բանտում նիհարել է և ժամանակն անցկացնում է Աստվածաշունչ ու Ղուրան կարդալով
Հասարակություն
Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը 2026 թվականի հունվարի 3-ից կալանավորված է Նյու Յորքի Բրուքլինի Մետրոպոլիտեն կալանավայրում, ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում է կրոնական և փիլիսոփայական գրքեր կարդալով։ Այս մասին, հղում անելով վեց անանուն աղբյուրի, հայտնում է The New York Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ Մադուրոն կարդում է Աստվածաշունչ և Ղուրան, ինչպես նաև սկսել է հետաքրքրվել հուդայականությամբ ու փիլիսոփայությամբ։ Նա նաև հանդիպումներ է ունենում բանտի հոգևորականների, այդ թվում՝ կաթոլիկ քահանայի և ռաբբիի հետ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նրա հոգևոր հետաքրքրությունները կալանավորումից հետո ավելի են խորացել։
Կալանավայրում գտնվելու ընթացքում Մադուրոն նաև զգալիորեն նիհարել է։ Աղբյուրների խոսքով՝ բանտային սննդի ցածր որակը նպաստել է քաշի կորստին։ Նախկին նախագահը դժգոհել է սննդից և նկատելիորեն նիհարել։
Ավելի ծանր է նկարագրվում նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի առողջական վիճակը։ Ըստ The New York Times-ի՝ նա կորցրել է ավելի քան 11 կգ քաշ և երկու ատամ։ Ֆլորեսը նաև կրծքավանդակի ցավերի պատճառով նիտրոգլիցերին է ընդունում։ Նրա փաստաբանները կարծում են, որ հուլիսին նա կարող էր թեթև սրտի կաթված ունենալ, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։
Մադուրոն և Ֆլորեսը ԱՄՆ-ում մեղադրվում են, ի թիվս այլ հանցագործությունների, նարկոահաբեկչության դավադրության և կոկաինի ապօրինի շրջանառության մեջ։ Երկուսն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում։ Դատավարությունը նախատեսված է 2027 թվականի հունիսին։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան