Ուկրաինայի նախագահի խորհրդականի եղբայրը զոհվել է Ռուսաստանի կողմից կռվելիս
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի ավագ եղբայրը՝ Վլադիմիր Պոդոլյակը, զոհվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղվող պատերազմում։ Այս մասին հայտնել է «Killed in Ukraine» (KIU) նախագիծը՝ հղում անելով Ռոսստատի տվյալների արտահոսքին։ Տեղեկությանը ուշադրություն է դարձրել նաև «Մեդիազոնա»-ն։
Ըստ արտահոսած տվյալների՝ 59-ամյա Վլադիմիր Պոդոլյակը մահացել է 2024 թվականի մայիսի 19-ին՝ օկուպացված Զապորոժիեի շրջանի Կիրիլովկա բնակավայրում։ Փաստաթղթում որպես մահվան պատճառ նշված են ներգանգային վնասվածքը և «չճշտված ռազմական գործողությունների հետևանքով ստացած վնասվածքները»։ Նրա մահվան հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
KIU-ն Վլադիմիր Պոդոլյակի գերեզմանի լուսանկարը հրապարակել էր դեռևս 2024 թվականին, սակայն այդ ժամանակ նրա մահվան հանգամանքները հայտնի չէին։ Գերեզմանի լուսանկարում պատկերված դիմանկարում նա ռուս գնդապետի համազգեստով է՝ երկու «Արիության» շքանշանով և «Ռազմական հետախուզությունում ծառայության համար» կրծքանշանով։
2021 թվականին Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ իր ավագ եղբայրը վաղուց արդեն զինվորական թոշակառու է։ Հրապարակման համաձայն՝ նա նախկինում ընդունել էր նաև Վլադիմիրի կապը ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Եղբոր մահվան մասին Միխայիլ Պոդոլյակը հրապարակային մեկնաբանություն չի արել։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան