Ռուսաստանը Ուկրաինացի ԵԱՀԿ աշխատակցին տեղափոխել է բժշկական ուղղիչ հիմնարկ
Աշխարհ
Ռուսաստանը, ենթադրաբար, Ուկրաինայի՝ ԵԱՀԿ երեք ձերբակալված աշխատակիցներից մեկին՝ Վադիմ Գոլդային, տեղափոխել է Տամբովի մարզում գտնվող բժշկական ուղղիչ հիմնարկ։ Այս մասին նոյեմբերի 9-ին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
Նրա խոսքով՝ նման տեղափոխությունը կարող է ավելի մեծ վտանգ ստեղծել Գոլդայի ֆիզիկական և հոգեկան առողջության համար։ Սիբիհան նշել է, որ եթե տեղեկությունը հաստատվի, Գոլդան կդառնա Ուկրաինայի օկուպացված տարածքներից Ռուսաստան տեղափոխված երրորդ ուկրաինացի ԵԱՀԿ աշխատակիցը, ինչը, ըստ նրա, Ժնևի կոնվենցիաների խախտում է։ «The Kyiv Independent»-ը նշում է, որ առայժմ չի կարողացել ինքնուրույն հաստատել Գոլդայի գտնվելու վայրը։
Գոլդան աշխատել է Ուկրաինայում ԵԱՀԿ նախկին հատուկ մոնիթորինգային առաքելությունում և ռուսական իշխանությունների կողմից պահվում է 2022 թվականից։ 2024 թվականի հուլիսին օկուպացված Դոնեցկում ռուսական վերահսկողության տակ գործող դատարանը նրան լրտեսության մեղադրանքով դատապարտել է 14 տարվա ազատազրկման։
Ուկրաինայի իրավական խորհրդատվական խմբի տվյալներով՝ Գոլդան վերջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել հոկտեմբերի 15-ին։ Մինչ այդ նա հարազատներին հայտնել էր օկուպացված ուկրաինական տարածքներից ձերբակալվածներին Սիբիր տեղափոխելու մասին տեղեկությունների վերաբերյալ իր մտահոգությունները։
ԵԱՀԿ մյուս երկու աշխատակիցները՝ Դմիտրի Շաբանովը և Մաքսիմ Պետրովը, 2022 թվականի սեպտեմբերին օկուպացված Լուգանսկի մարզում ռուսական իշխանությունների կողմից դատապարտվել էին 13 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով։ 2025 թվականին նրանց տեղափոխել էին Ռուսաստան․ Շաբանովը պահվում է Օմսկի մարզում, իսկ Պետրովը՝ Չելյաբինսկի մարզում։
Սիբիհան կոչ է արել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և կազմակերպության նախագահությունը ստանձնած Շվեյցարիային շտապ ճշտել երեք աշխատակիցների գտնվելու վայրը և ապահովել նրանց ազատ արձակումը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան այս հարցը կբարձրացնի նաև ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան