Չինաստանը՝ ԱՄՆ տեխնոլոգիական գերակայության սպառնալի՞ք․ Nvidia-ի ղեկավարի դիրքորոշումը՝ ուշադրության կենտրոնում
Տնտեսություն
Nvidia ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը կարծում է, որ Չինաստանի հետ տեխնոլոգիական համագործակցությունը պարտադիր չէ, որ սպառնալիք լինի ԱՄՆ ազգային անվտանգության համար։ BBC-ի տնտեսական խմբագիր Ֆայսալ Իսլամի հետ զրույցում նա պնդել է, որ Վաշինգտոնը պետք է թույլ տա Չինաստանին ձեռք բերել ամերիկյան արտադրության ավելի հզոր արհեստական բանականության չիպեր։
Հուանգը նախկինում փորձել է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերացնել Չինաստանի նկատմամբ սահմանափակումները, մասնավորապես՝ Nvidia-ի H200 չիպերի արտահանման արգելքը։ Նրա խոսքով՝ Թրամփը ցանկանում է, որ հաղթի Ամերիկան, իսկ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ իր երկիրը, սակայն տեխնոլոգիական առաջընթացը զրոյական գումարով խաղ չէ, և երկու կողմն էլ կարող է շահել։
ԱՄՆ ազգային անվտանգության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, սակայն, հակառակ տեսակետն ունեն։ Նրանց համոզմամբ՝ արհեստական բանականության ոլորտում առաջատարությունը ռազմավարական նշանակություն ունի, իսկ Չինաստանի տեխնոլոգիական հնարավորությունների զարգացումը կարող է սպառնալ ԱՄՆ դիրքերին։ Հզոր չիպերն ու դրանց հիման վրա ստեղծվող համակարգերը կարող են ազդել գիտական առաջընթացի, տնտեսության, կիբեռանվտանգության և ռազմական կարողությունների վրա։
Հուանգը հակադարձում է, որ ԱՄՆ-ի համար ավելի շահավետ կլինի, եթե աշխարհը, այդ թվում՝ Չինաստանը, կախված լինի ամերիկյան տեխնոլոգիական համակարգից և Nvidia-ի արտադրանքից։ Նրա պնդմամբ՝ ռազմական ոլորտում երկրները նախընտրում են օգտագործել սեփական տեխնոլոգիաները և չեն ցանկանա կախված լինել հակառակորդ պետությունից։
Միևնույն ժամանակ, Nvidia-ի ղեկավարի կապերը Չինաստանի հետ հայտնվել են ազգային անվտանգության հետաքննության ուշադրության կենտրոնում։ Նա հետաքննվում է Չինաստանի ենթադրյալ լրտեսի հետ հնարավոր կապի և սիրային հարաբերությունների մասին պնդումների առնչությամբ։ Այդ մեղադրանքները դեռ հաստատված չեն։
Nvidia-ն արհեստական բանականության ոլորտի առաջատար ընկերություններից է, որի արտադրած չիպերն օգտագործվում են աշխարհի ամենահզոր ԱԲ համակարգերի ստեղծման համար։ Ընկերության եկամուտն այս տարի, ըստ կանխատեսումների, կարող է հասնել շուրջ 400 միլիարդ դոլարի։ Չնայած երկուշաբթի ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է մոտ 4 տոկոսով՝ դրա շուկայական արժեքը շարունակում է գերազանցել 4 տրիլիոն դոլարը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան