Ռուբիո․ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ընդունելի լինեն նաև Ռուսաստանի համար
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի համար հետպատերազմյան անվտանգության ցանկացած երաշխիք պետք է ընդունելի լինի նաև Ռուսաստանի համար։ Նրա խոսքով՝ նման պայմանավորվածությունները կարևոր նշանակություն կունենան պատերազմի ավարտին միտված բանակցային կարգավորման հասնելու համար։
Նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնը դեռևս վերջնական և հստակ ծրագիր չունի այն մասին, թե ինչ տեսք կարող են ունենալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Կիևը պետք է վստահ լինի իր անվտանգությանը պատերազմից հետո, որպեսզի կարողանա ընդունել հնարավոր խաղաղության համաձայնագիրը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կարող է այդ երաշխիքներն ամրագրել միջազգային պայմանագրով, Ռուբիոն չի բացառել նման հնարավորությունը։ Սակայն նշել է, որ այդ հարցը դեռևս այդ մակարդակի մանրամասնությամբ չի քննարկվել՝ հիշեցնելով նաև ԱՄՆ Սենատում պայմանագրերի վավերացման հետ կապված դժվարությունները։
Ռուբիոյի հայտարարությունները հնչել են Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ին նախատեսված՝ ԱՄՆ միջնորդությամբ ռուս-ուկրաինական բանակցություններից առաջ։ Կրեմլը հայտնել է, որ բանակցություններին կմասնակցեն բարձրաստիճան դիվանագետներ և զինվորականներ։ Եվրոպան նույնպես ներկայացված կլինի․ քննարկումներին կմասնակցեն ԵՄ անդամ առաջատար երկրների, ՆԱՏՕ-ի և Եվրամիության պաշտոնյաները։
ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդունել է, որ բանակցությունները բարդ են լինելու։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կարող է նպաստել երկխոսությանը և առաջարկներ ներկայացնել, սակայն չի կարող երաշխավորել համաձայնության ձեռքբերումը։
«ԱՄՆ-ը այդ պատերազմի կողմ չէ։ Պատերազմը վարում է Ռուսաստանը, իսկ Ուկրաինան ներխուժման է ենթարկվել և շարունակում է ենթարկվել հարձակումների»,- նշել է Ռուբիոն՝ հավելելով, որ Վաշինգտոնի դերը բանակցություններին աջակցելն ու դիվանագիտական լուծման հասնելու համար հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելն է։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան