Միլիարդատերերը հաղթեցին․ Կալիֆոռնիայում տապալվեց նրանց հարստությունը հարկելու նախաձեռնությունը
Հասարակություն
Կալիֆոռնիայի ընտրողները մերժել են միլիարդատերերի զուտ կարողության նկատմամբ միանվագ 5% հարկ սահմանելու առաջարկը։ Associated Press-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 10-ին գործակալությունը հայտարարել է, որ նախաձեռնության դեմ քվեարկածները բավարար ձայներ են ստացել հաղթանակի համար։
Առաջարկը նախատեսում էր հարկել այն կալիֆոռնիացիներին, որոնց զուտ կարողությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը։ Հավաքագրված գումարի մեծ մասը նախատեսվում էր ուղղել առողջապահության ոլորտում դաշնային ֆինանսավորման կրճատումները փոխհատուցելուն, իսկ 10%-ը՝ կրթության և սննդի աջակցության ծրագրերին։
Նախաձեռնության կողմնակիցները՝ SEIU United Healthcare Workers West արհմիությունը, պնդում էին, որ հարկը անհրաժեշտ է առողջապահության ֆինանսավորման սպասվող կրճատումները փոխհատուցելու համար։ Նրանց հաշվարկով՝ առաջիկա հինգ տարում նահանգը կարող է կորցնել շուրջ 100 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորում։
Առաջարկի դեմ հանդես եկածների թվում էին նաև Կալիֆոռնիայի դեմոկրատական առաջնորդները, այդ թվում՝ նահանգապետ Գևին Նյուսոմը։ Քննադատները պնդում էին, որ նման հարկը կարող է ստիպել գերհարուստ բնակիչներին լքել նահանգը։
Քարոզարշավի ընթացքում նախաձեռնության հակառակորդները զգալիորեն ավելի մեծ ֆինանսական միջոցներ են ներգրավել, քան կողմնակիցները։ «Ոչ» ճամբարը հավաքել է շուրջ 10 անգամ ավելի շատ գումար։ Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը ավելի քան 100 միլիոն դոլար է ներդրել նախաձեռնության դեմ պայքարող քաղաքական գործողությունների կոմիտեում։ Վերջինս ընդհանուր առմամբ հավաքել է ավելի քան 333 միլիոն դոլար։
Նախաձեռնության կողմնակիցները հայտարարել են, որ չեն պատրաստվում հրաժարվել գաղափարից և հնարավոր է՝ այն կրկին քվեարկության դնեն 2028 թվականին։ Նրանք պնդում են, որ պայքարը միլիարդատերերի հարկման շուրջ ավարտված չէ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան