Ուկրաինայի տվյալներով՝ Ռուսաստանը պատերազմում կորցրել է ավելի քան 1,6 միլիոն զինվոր
Աշխարհ
Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ից՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր, կորցրել է 1,614,180 զինվոր։ Այս մասին նոյեմբերի 11-ին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ միայն վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական բանակի կորուստները կազմել են 2,580 զինվոր։
Գլխավոր շտաբի հրապարակած տվյալների համաձայն՝ պատերազմի ընթացքում ռուսական ուժերը կորցրել են նաև 12,468 տանկ, 25,706 զրահապատ մարտական մեքենա, 52,231 հրետանային համակարգ, 2,266 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 1,756 հակաօդային պաշտպանության համակարգ։
Ուկրաինական կողմը հայտնում է նաև ռուսական 452 ինքնաթիռի, 356 ուղղաթիռի, 35 նավի ու նավակի և երկու սուզանավի կորստի մասին։ Բացի այդ, ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել 173,526 ավտոմեքենա և վառելիքի ցիստեռն, ինչպես նաև 3,122 անօդաչու ցամաքային մեքենա։
Հոկտեմբերի 29-ին Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ 2026 թվականի հոկտեմբերը Ռուսաստանի համար ամենամեծ մարտական կորուստներով ամիսն էր՝ պատերազմի սկզբից ի վեր։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը չի հրապարակում սեփական կորուստների ամբողջական տվյալները՝ հղում անելով օպերատիվ գաղտնիությանը։
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) 2026 թվականի հունվարի զեկույցի համաձայն՝ 2022 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի դեկտեմբեր Ուկրաինայի կորուստները գնահատվել են 500-600 հազար զինծառայող, որոնցից 100-140 հազարը, ենթադրաբար, զոհվել են մարտերում։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 4-ին France TV-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ պատերազմի սկզբից ի վեր մարտերում զոհվել է առնվազն 55 հազար ուկրաինացի զինվոր։
Նշված թվերը ներկայացնում են ուկրաինական կողմի պաշտոնական գնահատականները և անկախ աղբյուրներով ամբողջությամբ հաստատված չեն։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան