Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ երկրի մի շարք քաղաքների դպրոցներում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին սպառնալիքներից հետո իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ գործողությունները համակարգելու նպատակով։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը՝ հղում անելով վարչապետի աշխատակազմի աղբյուրներին։
Խորհրդակցությանը կմասնակցեն փոխվարչապետներ Մատեո Սալվինին և Անտոնիո Տայանին, ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին, պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն, ինչպես նաև հետախուզական ծառայությունների և Կիբերանվտանգության ազգային գործակալության ղեկավարները։
Corriere della Sera պարբերականի տեղեկություններով՝ պայթյունների սպառնալիքներով էլեկտրոնային նամակներ են ստացել Իտալիայի շուրջ 300 դպրոցների վարչակազմեր։ Տասնյակ ուսումնական հաստատություններից, այդ թվում՝ Հռոմում, մարդկանց տարհանել են։ Նամակում նաև պնդում է եղել, թե պայթուցիկ սարք է տեղադրված վարչապետ Ջորջա Մելոնիի ավտոմեքենայում։
Իտալիայի կրթության նախարար Ջուզեպե Վալդիտարան La 7 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ իրական վտանգի հավանականությունը չափազանց փոքր է։
«Պետք չէ խուճապ տարածել, քանի որ էլեկտրոնային նամակի բովանդակությունից պարզ է դառնում, որ իրական վտանգ գործնականում չկա։ Մեծ է հավանականությունը, որ սա կիբերհարձակում է, այլ ոչ թե իրական սպառնալիք։ Այնուամենայնիվ, հետագա գործողությունների ռազմավարությունը պետք է մշակվի հետախուզական ծառայությունների մասնակցությամբ»,-նշել է նախարարը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան