Հարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջ
Իրավունք
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում 11 ամսական երեխային, որին, ըստ իրավապահների, հայրը կենդանի թաղել էր շան վանդակի մեջ, փրկարարները հայտնաբերել են շուրջ 24 ժամ տևած որոնումներից հետո։ Փոքրիկը ողջ է մնացել և արդեն դուրս է գրվել հիվանդանոցից. գրում է Associated Press-ը։
Դեպքը տեղի է ունեցել Լեքսինգթոն շրջանում։ Իրավապահների տեղեկություններով՝ երեխայի հայրը՝ 25-ամյա Մայքլ Քոմերը, երեխային տարել է տնից, իսկ ավելի ուշ նրան թաղել հողի տակ՝ շան վանդակի մեջ։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են տասնյակ փրկարարներ։ Նրանց հաջողվել է երեխային հայտնաբերել այն բանից հետո, երբ նկատել են վերջերս փորված հողը և գետնի տակից լսել մանկան ձայնը։
Լեքսինգթոն շրջանի շերիֆ Ջեյ Կունի խոսքով՝ երեխան, հավանաբար, ողջ է մնացել ցածր ջերմաստիճանի և վանդակի շուրջ փաթաթված սրբիչի շնորհիվ առաջացած օդային տարածության պատճառով։
Երեխայի պապը՝ Ջոն Քոմերը, պատմել է, որ փրկարարները փոքրիկին դուրս են բերել հողի տակից՝ լաց լինելիս։ Նրա խոսքով՝ այդ պահը միաժամանակ մեծ ուրախություն և հուզմունք է առաջացրել ընտանիքում։
Փոքրիկ Կոահ Շարփը երեքշաբթի երեկոյան դուրս է գրվել հիվանդանոցից։ Շերիֆի հավաստմամբ՝ բժիշկները կանխատեսում են, որ երեխան լիովին կապաքինվի։
Մայքլ Քոմերը ձերբակալվել է և մեղադրվում է սպանության փորձի մեջ։ Ըստ իրավապահների՝ դեպքից առաջ երեխան գտնվել է հոր մոր խնամքի տակ։ Վերջինս ստիպված է եղել կարճ ժամանակով բացակայել՝ երեխային թողնելով որդու հսկողությանը։ Սակայն մինչ հաջորդ խնամակալը կհասներ, Մայքլ Քոմերն անհետացել է երեխայի հետ։
Քննության ընթացքում պարզվել է նաև, որ տղամարդը նախկինում խոսել էր երեխային Նյու Յորք տանելու մասին։ Բացի այդ, դատական արձանագրությունների համաձայն՝ հոկտեմբերին նա մեղավոր էր ճանաչվել ընտանեկան բռնության հետ կապված մեղադրանքով և ստացել պայմանական ազատազրկում։
Իշխանությունները դեռևս չեն հրապարակել երեխայի հոր ենթադրյալ արարքի դրդապատճառները։ Նրա նկատմամբ դատական նիստը նախատեսված էր հինգշաբթի օրը։
Երեխայի մեծ մորաքույրը՝ Ամբեր Համոնդը, նշել է, որ ընտանիքն այժմ թեթևացած է, քանի որ փոքրիկն ապահով է։ Նրա խոսքով՝ Կոահը գրեթե մեկ տարեկան է, փորձում է ինքնուրույն կանգնել և սիրում է դիտել Միկի Մաուսի մուլտֆիլմերը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան