«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդը
Աշխարհ
Եվրոպական տիեզերական գործակալության «Հերա» տիեզերանավը սկսել է մանրամասն ուսումնասիրել Դիդիմոս աստերոիդն ու նրա արբանյակ Դիմորֆոսը, որին 2022 թվականին միտումնավոր հարվածել էր ՆԱՍԱ-ի «Դարտ» տիեզերանավը՝ Երկիրը հնարավոր աստերոիդային վտանգներից պաշտպանելու մեթոդը փորձարկելու նպատակով, հայտնում է Associated Press-ը։
Եվրոպական տիեզերական գործակալության տվյալներով՝ «Հերան» այժմ գտնվում է Դիդիմոսից և Դիմորֆոսից ընդամենը 25-30 կիլոմետր հեռավորության վրա։ Առաջիկա ամիսներին տիեզերանավը նախատեսում է ավելի մոտենալ՝ հասնելով շուրջ 20 կիլոմետր հեռավորության։
2022 թվականին «Դարտ» տիեզերանավը դիտավորյալ բախվել էր Դիմորֆոսին՝ պարզելու, թե արդյոք նման միջամտությունը կարող է փոխել աստերոիդի շարժման ուղղությունը և ապագայում օգնել կանխել Երկրին սպառնացող հնարավոր բախումները։
Փորձարկման արդյունքում Դիմորֆոսի ուղեծիրը Դիդիմոսի շուրջ կրճատվել էր։ Բախումը նաև փոխել էր աստերոիդի շարժումը Արեգակի շուրջ։ Հարվածի հետևանքով տիեզերք էին արտանետվել մեծ քանակությամբ բեկորներ և քարեր, որոնք լրացուցիչ ազդեցություն էին ունեցել շարժման փոփոխության վրա։ Բեկորների հետքը հազարավոր կիլոմետրեր ձգվել էր տիեզերքում։
Այժմ «Հերայի» առաքելության հիմնական նպատակն է ուսումնասիրել բախման հետևանքները և գնահատել, թե որքան արդյունավետ կարող է լինել աստերոիդների ուղեծրի փոփոխությունը՝ որպես մոլորակային պաշտպանության միջոց։
Տիեզերանավը հագեցած է 25 գիտական գործիքով, ինչպես նաև երկու փոքր՝ կոշիկի տուփի չափի CubeSat արբանյակներով։ Դրանք նախատեսված են Դիմորֆոսն ավելի մոտիկից ուսումնասիրելու, իսկ հնարավորության դեպքում՝ դրա մակերևույթին վայրէջք կատարելու փորձ իրականացնելու համար։
Դիմորֆոսի տրամագիծը մոտ 151 մետր է, իսկ նրա շուրջը պտտվող Դիդիմոս աստերոիդինը՝ մոտ 780 մետր։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան