Հյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանը
Աշխարհ
Հյուսիսային Կորեան մտադիր է գործնական քայլեր ձեռնարկել իր ռազմական ներուժն ամրապնդելու ուղղությամբ՝ ի պատասխան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջուկային էներգիայով աշխատող սուզանավերի նավատորմի ընդլայնման ծրագրերի։ Այս մասին, Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) հաղորդմամբ, հայտարարել է Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի առաջին տեղակալ Կիմ Չոն Սիկը։
«Մեր հակառակորդների ռազմածովային ուժերի ընդլայնումը և դրա հետևանքով առաջացող անվտանգության սպառնալիքները լուրջ մարտահրավեր են։ Մենք չենք սահմանափակվի միայն այդ գործողությունները դատապարտելով։ Բոլոր սպառնալիքներին կհակազդենք կոնկրետ քայլերով և մեր աճող ռազմական հզորության իրական ցուցադրմամբ»,-ընդգծել է Կիմ Չոն Սիկը։
Կուսակցության ներկայացուցիչը քննադատել է նաև AUKUS անվտանգության եռակողմ գործընկերության ծրագրի իրականացումը, որին մասնակցում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան։ Ծրագիրը, մասնավորապես, նախատեսում է Ավստրալիայի ռազմածովային ուժերը համալրել միջուկային էներգիայով աշխատող սուզանավերով։
Կիմ Չոն Սիկը նաև անդրադարձել է Հարավային Կորեայի ծրագրերին, որոնց համաձայն՝ Սեուլը նախատեսում է 2027 թվականին սկսել սեփական միջուկային էներգիայով աշխատող սուզանավերի կառուցումը և դրանք շահագործման հանձնել մինչև 2039 թվականը։
Փհենյանի հայտարարությունը վկայում է տարածաշրջանում ռազմածովային ուժերի ընդլայնման շուրջ աճող լարվածության մասին։ Հյուսիսային Կորեան զգուշացնում է, որ իր հակառակորդների ռազմական ծրագրերին պատրաստվում է պատասխանել ոչ միայն հայտարարություններով, այլև սեփական ռազմական կարողությունների ամրապնդմամբ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան