Նյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
Արտակարգ Պատահար
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում եռահարկ շենքի փլուզման հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, ևս 17-ը՝ վիրավորվել։ Դեպքի վայրում իրականացվում է լայնածավալ որոնողափրկարարական գործողություն, որին ներգրավվել է ավելի քան 250 փրկարար, հայտնում է BBC-ն։
Շենքը հանկարծակի փլուզվել է չորեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 16։00-ի սահմաններում։ Ականատեսները պատմել են, որ լսել են ուժեղ պայթյունի նմանվող ձայն, որին հաջորդել են մարդկանց ճիչերը։ Փլուզման հետևանքով շինության մի ամբողջ հատված ոչնչացվել է՝ բացահայտելով բնակարանների ներքին հատվածները՝ ննջասենյակներն ու պահարանները։
Փրկարարները ժամեր շարունակ աշխատել են փլատակների տակ մնացած մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ։ Օդային տեսագրություններում երևացել է, թե ինչպես են հրշեջները փլատակներից դուրս բերում ողջ մնացած կնոջը։ Ավելի ուշ պարզվել է, որ նա վեց ամսական հղի է։ Կնոջ ամուսինը հաստատել է, որ նա ողջ է և տեղափոխվել է անվտանգ վայր։
Որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործվում են հատուկ վարժեցված շներ, անօդաչու թռչող սարքեր, կացիններ և շղթայական սղոցներ։ Նյու Յորքի հրշեջ ծառայության հանձնակատար Լիլիան Բոնսինյորը գործողությունը բնութագրել է որպես ծայրահեղ վտանգավոր՝ ընդգծելով, որ փրկարարները շարունակում են աշխատանքը՝ փլատակների տակ հնարավոր ողջ մնացածներին հայտնաբերելու համար։ Պաշտոնյաները չեն հստակեցրել, թե քանի մարդ է դեռ անհետ կորած, իսկ փրկարարական աշխատանքները կարող են տևել մի քանի օր։
Դեպքի վայր է այցելել նաև Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին, որը գովաբանել է փրկարարների արագ արձագանքն ու աշխատանքը։ Քաղաքային տվյալներով՝ փլուզված շենքը կառուցվել է 1930 թվականին։ Դեպքի պահին հարակից շինհրապարակում նոր շենքի կառուցման հետ կապված աշխատանքներ էին ընթանում, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք դրանք որևէ կապ ունեցել են փլուզման հետ։
Իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու շենքի փլուզման պատճառները։ Մահացածների և վիրավորների ինքնությունը դեռ չի հրապարակվել։

















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան