UFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկել
Հասարակություն
Համացանցում լայն տարածում են գտել տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են ռուսաստանցի մարտիկ Ուսման Նուրմագոմեդովն ու մի խումբ մարդիկ հարձակվում UFC-ի նախկին չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլիի և նրա ընկերոջ վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Աբու Դաբիի հյուրանոցներից մեկի նախասրահում՝ առաջիկա ըմբշամարտի մրցաշարից առաջ, հայտնում է MMA Fighting-ը։
Դվալիշվիլին այդ պահին հարցազրույց էր տալիս՝ տեսախցիկի առաջ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Նուրմագոմեդովը մոտենում նրան հետևից և ապտակում դեմքին, ինչից հետո սկսվում է զանգվածային ծեծկռտուք։ Կադրերում երևում է, որ Դվալիշվիլին և նրա ընկերը հայտնվում են մի քանի մարդկանց շրջապատում, իսկ մարտիկներից մեկին գետնին են տապալում։
Միջադեպից հետո Դվալիշվիլին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել՝ արյունոտ դեմքով։ Նա պնդել է, որ ինքն ու ընկերը հարձակման են ենթարկվել անսպասելիորեն՝ այն ժամանակ, երբ հյուրանոցի նախասրահում հարցազրույց էին տալիս։ Մարտիկի խոսքով՝ իրենց վրա հարձակվել են Նուրմագոմեդովն ու նրա ընկերները, իսկ գետնին ընկած ժամանակ շարունակել են հարվածել։ Դվալիշվիլին նաև նշել է, որ իրենց դեմ մոտ 20 մարդ է եղել։
Միջադեպի հիմքում, ըստ հրապարակումների, երկարատև հակամարտությունն է Նուրմագոմեդովների ընտանիքի և Դվալիշվիլիի միջև։ 2025 թվականի հունվարին UFC 311 մրցաշարում վրացի մարզիկը հաղթել էր Ուսմանի եղբորը՝ Ումար Նուրմագոմեդովին՝ պաշտպանելով թեթևագույն քաշային կարգում իր չեմպիոնական տիտղոսը։ Վերջին ամիսներին նրանց միջև լարվածությունը կրկին սրվել էր։
Ամերիկացի մարզիկ Իլիա Թոփուրիան նույնպես հրապարակել էր միջադեպի տեսանյութը՝ դատապարտելով հարձակումը։ Նա պնդել էր, որ Ուսման Նուրմագոմեդովը և նրա ուղեկիցները ձերբակալվել են, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։ Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպի մասնակիցները հարցաքննվել են Աբու Դաբիի ոստիկանությունում։ Դվալիշվիլին առաջիկա շաբաթ օրը նախատեսված է մասնակցելու RAF Abu Dhabi մրցաշարին, որտեղ պետք է մրցի Մարլոն Մորաեսի հետ։ Դեռ պարզ չէ՝ արդյոք ստացած վնասվածքները կազդեն նրա մասնակցության վրա։

















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան