Ռեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունը
Իրավունք
Ամերիկացի ռեփեր Ելլա Բիզին, որի իրական անունը Մարկիս Քոնվեյ է, մեղավոր է ճանաչվել 2020 թվականին Դալասի մարդաշատ մայրուղում ռեփեր MO3-ի սպանությունը պատվիրելու համար։ Դալասի շրջանի երդվյալ ատենակալները միաձայն վճիռ են կայացրել նոյեմբերի 11-ին։ Քոնվեյը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Մեղադրող կողմի պնդմամբ՝ 35-ամյա Քոնվեյը 40 հազար դոլար է վճարել Քևոն Ուայթին՝ MO3-ին սպանելու համար։ Քննիչների վարկածով՝ սպանության հիմքում երկու ռեփերների միջև տարիներ շարունակ խորացող թշնամանքն էր։
MO3-ը, որի իրական անունը Մելվին Նոուբլ էր, սպանվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ Դալասի հարավում գտնվող միջպետական 35-րդ մայրուղու վրա։ Հարձակվողը մեքենայով մոտեցել է նրա ավտոմեքենային, դուրս եկել՝ զինված զենքով, և կրակ բացել։ Փորձելով փրկվել՝ 28-ամյա ռեփերը դուրս է եկել մեքենայից ու վազել մայրուղով, սակայն հարձակվողը հետապնդել է նրան։
Մեղադրող կողմի ներկայացմամբ՝ դիմակավորված Ուայթը AK-47 տիպի զենքից ավելի քան 40 կրակոց է արձակել։ MO3-ը ծանր վիրավորումներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։ Մեքենայում գտնվող մեկ այլ անձ նույնպես հայտնվել է կրակոցների թիրախում, սակայն ողջ է մնացել։ Սպանության անմիջական կատարող Քևոն Ուայթն ավելի վաղ՝ սեպտեմբերին, նույնպես դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատման հնարավորության։
Դատավարության ընթացքում մեղադրողները ներկայացրել են Քոնվեյի հարցազրույցի տեսանյութը, որտեղ նա խոսում է վրեժ լուծելու և իր արժանապատվությունը վերականգնելու մասին։ Նրանք գործը կապել են նաև 2018 թվականին Քոնվեյի դեմ իրականացված զինված հարձակման հետ, որի ժամանակ ռեփերը երեք հրազենային վնասվածք էր ստացել։ Պաշտպանական կողմը, սակայն, պնդել է, որ մեղադրողները չեն ապացուցել նրա մեղքը և ներկայացրել են միայն ենթադրություններ։
MO3-ը հայտնի էր ավելի քան 800 հազար հետևորդ ունեցող Instagram-յան էջով և հատկապես «Errybody» երգի ռեմիքսով, որը ձայնագրել էր ռեփեր Բուսի Բադազի հետ։ Ելլա Բիզին լայն ճանաչում էր ձեռք բերել «That's On Me» և «Bacc At It Again» երգերով, վերջինս՝ Քուավոյի և Գուչի Մանեի մասնակցությամբ։

















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան