Սանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետ
Արտակարգ Պատահար
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի մերձակայքում՝ Շուշարի շրջանում, մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ռուս զինծառայող, որը, ըստ տեղական լրատվամիջոցների, ռազմաօդային ուժերի գնդապետ է եղել։ Այս մասին նոյեմբերի 12-ին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
«Ֆոնտանկա» պարբերականի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան՝ Կոլպինսկոյե մայրուղու վրա՝ «Լենտա» սուպերմարկետի և «Տատնեֆտ» բենզալցակայանի հարևանությամբ։ Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու դատաբժշկական մասնագետները։
Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Պայթյունի պատճառների և հնարավոր կազմակերպիչների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։
Սա վերջին երեք ամսից էլ պակաս ժամանակահատվածում Շուշարի շրջանում ռուս զինծառայողի զոհվելու երկրորդ նման դեպքն է։ Օգոստոսի 27-ին նույն տարածքում պայթել էր մայոր Սերգեյ Սեչկովի մեքենան․ նա զոհվել էր, իսկ նրա կինը ծանր վիրավորվել էր։
Վերջին տարիներին Ռուսաստանի ռազմական պաշտոնյաների և Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած այլ անձանց թիրախավորել են մի շարք պայթյունների և հարձակումների ժամանակ։ Որոշ դեպքերում Մոսկվան դրանց կազմակերպման մեջ մեղադրել է Ուկրաինային, սակայն այս միջադեպի հնարավոր կապի վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան։

















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան