Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով
Գիտություն և Մշակույթ
Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) «Euclid» ուղեծրային աստղադիտակը տիեզերքի ուսումնասիրության նոր հնարավորություններ է բացում գիտնականների համար։ Հրապարակվել է աստղադիտակի դիտարկումների արդյունքում կազմված առաջին բաց կատալոգը, որը ներառում է ավելի քան 900 միլիոն գալակտիկա, 60 միլիոն քվազար և 15 հազար գրավիտացիոն ոսպնյակ։
Տիեզերքի լայնածավալ հետազոտության շրջանակում ստացված այս տվյալները գիտնականներին հնարավորություն կտան ավելի մանրամասն ուսումնասիրել գալակտիկաների կառուցվածքը, դրանց տարածական բաշխվածությունը և Տիեզերքի զարգացման օրինաչափությունները։
Հատկանշական է, որ ընդամենը մեկուկես տարվա դիտարկումների ընթացքում «Euclid» աստղադիտակին հաջողվել է հայտնաբերել գրավիտացիոն ոսպնյակների աննախադեպ քանակ։ Այս երևույթն առաջանում է, երբ զանգվածային տիեզերական մարմինների ձգողական դաշտը շեղում է հեռավոր աղբյուրներից եկող լույսի ուղղությունը՝ հնարավորություն տալով ուսումնասիրել նույնիսկ այն օբյեկտները, որոնք սովորական դիտարկումների ժամանակ դժվար տեսանելի են։
Գիտնականների համար հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ գրավիտացիոն ոսպնյակների ուսումնասիրությունը կարող է նոր տեղեկություններ տրամադրել մութ նյութի մասին, որը հնարավոր չէ անմիջականորեն տեսնել, սակայն որի ձգողական ազդեցությունը նկատելի է տիեզերական մարմինների շարժման և բաշխվածության մեջ։
Հետազոտության առանցքային նպատակներից է նաև մութ էներգիայի ուսումնասիրությոcւնը, որը, ըստ ժամանակակից տիեզերաբանական պատկերացումների, կապված է Տիեզերքի արագացող ընդարձակման հետ։
Եվրոպական տիեզերական գործակալության ծրագրերի համաձայն՝ «Euclid» աստղադիտակի ամբողջական կատալոգը նախատեսվում է հրապարակել 2027 թվականի կեսերին։
Ակնկալվում է, որ հավաքագրված տվյալները կարևոր նշանակություն կունենան ժամանակակից աստղագիտության և տիեզերագիտության զարգացման համար՝ օգնելով գիտնականներին ավելի լավ հասկանալ Տիեզերքի կառուցվածքը, ձևավորման պատմությունը և հետագա էվոլյուցիան։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան