ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին
Քաղաքական
Նոյեմբերի 14-ին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 48-րդ նստաշրջանին։
Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալը ելույթներով հանդես է եկել «Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի հանձնառությունների կատարման ամփոփում» և «Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի նախապատրաստում» օրակարգային կետերի ներքո։
Իր ելույթներում Ռոբերտ Աբիսողոմոնյաը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության, համագործակցության և համերաշխության հարթակ՝ ընդգծելով ներկայիս միջազգային մարտահրավերների պայմաններում բազմակողմ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Նախարարի տեղակալն անդրադարձել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին` ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման և փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ վերջին զարգացումները։
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցության առաջնահերթություններին՝ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ողջունել է քննարկվող փաստաթղթի նախագծում Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի ներառումը՝ ընդգծելով կրթության, երկխոսության և փոխըմբռնման կարևորությունը հակամարտությունների կանխարգելման և կայուն խաղաղության հաստատման գործում։
Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև 2027թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերին՝ կարևորելով դրանց դերը երիտասարդության շրջանում կապերի ամրապնդման, մշակութային և մարզական փոխանակումների խթանման, ինչպես նաև ֆրանկոֆոն տարածքում համագործակցության ամրապնդման գործում։ Ներկաների ուշադրությանն է ներկայացվել նաև Ֆրանկոֆոնիայի մշակույթի նախարարների համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան