Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի
Աշխարհ
Ռուսաստանը պահանջել է, որ Մեծ Բրիտանիան հրաժարվի եվրոպական դաշնակիցներին միջուկային պաշտպանության երաշխիքներ տրամադրելուց՝ այդ պայմանը ներառելով Ուկրաինայում պատերազմի կարգավորման իր պահանջների շարքում։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ հղում անելով ռուս բանակցողների պատրաստած փաստաթղթին։
Պարբերականը նշում է, որ բրիտանական միջուկային սուզանավերը ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության համակարգի մաս են կազմում։ Եվրոպայում, Ռուսաստանից բացի, միջուկային զինանոց ունեն միայն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Ֆրանսիան եվրոպական տասը երկրների հետ աշխատում է Ռուսաստանի դեմ միջուկային զսպման նոր մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Մարտի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզն առաջին անգամ կարող է միջուկային զենք կրող ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել դաշնակից երկրների տարածքներում։
Սակայն Մոսկվայի պահանջները չեն սահմանափակվում միայն միջուկային պաշտպանությամբ։ Պարբերականի տեղեկություններով՝ Ռուսաստանը նաև պահանջում է ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերում Արևելյան Եվրոպայից և Բալթյան երկրներից, Ֆինլանդիայի հեռացում դաշինքից, ինչպես նաև երաշխիքներ, որ արևմտյան երկրներն իրենց զորքերը չեն տեղակայի Ուկրաինայում։
Ըստ պարբերականի՝ Մոսկվան պատրաստ է հրադադարի հարցը քննարկել միայն այդ պայմանների կատարման դեպքում։
Բացի այդ, ռուսական կողմը պահանջում է դադարեցնել Ուկրաինային արևմտյան սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումները, ինչպես նաև բացառել երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
Միաժամանակ Ռուսաստանը մտադիր է պահպանել իր վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա Մոսկվան չի առարկում Ուկրաինայի անդամակցությանը՝ պայմանով, որ Կիևը չմասնակցի ԵՄ ընդհանուր պաշտպանական քաղաքականությանը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան