Աշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի. նախագիծ
Հայաստան
Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած ուսանողները, ուսումնառության ավարտից հետո առնվազն 3 տարի աշխատելով ՀՀ կառավարության սահմանած ոլորտներում, կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից։ Նախորդ տարի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ և Կառավարության կողմից հաստատված համապատասխան կարգով արդեն գործարկվել է բարձր որակավորում ունեցող կադրերին երեք տարով տարկետում տալու և գերակա ոլորտներում մասնագիտական գործունեություն անցնելու պայմանով հետագա զինծառայությունից ազատվելու համակարգը։ Սակայն իրավակարգավորման ընթացքում առաջացող խնդիրները հաշվի առնելով՝ առաջարկվում է միայն այս խմբի քաղաքացիների համար փոխել զինծառայության տարիքային շեմը՝ 27 տարեկանի փոխարեն սահմանելով 32 տարեկան։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխության այս նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Նախագիծն ուղղված է մեր երկրում բարձր մասնագիտական ներուժի իրացմանը և ներգրավման հնարավորությունների ընդլայնմանը»,- ներկայացնելով նախագիծը՝ ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ Կառավարությունը սահմանել է 7 ոլորտ, որոնցում աշխատանքը թոփ 50 բուհերում սովորող քաղաքացիների համար դիտվում է գերակա ոլորտ։
Նշված ոլորտներն են՝ հանրային կառավարումը, որը ներառում է պետական բոլոր ինստիտուտները՝ գործադիր, օրենսդիր և դատական մարմինները, կրթությունը և գիտությունը, ռազմարդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները, արդյունաբերությունը /գյուղմթերքի արտադրություն, հանքարդյունաբերություն, էներգետիկա/, առողջապահությունը և ֆինանսները։
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ այս տարի գործընթացն առաջին անգամ է իրականացվել․ հոկտեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված պայմաններին համապատասխանող 40 քաղաքացիներից 21-ն արդեն իսկ դիմել են՝ այս համակարգով պետությանը ծառայելու և տարկետում ստանալու համար։ Երեք տարվա մասնագիտական գործունեությունից հետո նրանք հետագայում կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։
Ընդ որում՝ դիմողները հայտեր են ներկայացրել տարբեր ոլորտների համար՝ Ջրային կոմիտե, Ֆինանսների նախարարություն, Ներքին գործերի նախարարություն, Կենտրոնական բանկ, գիտական ինստիտուտներ, դպրոցներ, բուհեր և այլն, ինչը, ըստ նախարարի, ցույց է տալիս, որ ծրագիրը շատ թիրախային և հասցեական է։ Միաժամանակ, տարկետման և զորակոչի ենթակա լինելու տարիքային վերին շեմը սահմանափակում է ծրագրի ամբողջական իրականացման հնարավորությունը․
«Ասպիրանտուրայում և մագիստրատուրայում սովորող քաղաքացիների համար 27 տարեկանի վերին շեմը կարող է խնդրահարույց դառնալ ուսումնառությունից հետո երեք տարի աշխատելու տեսանկյունից, քանի որ այս երեք տարվա շրջափուլի ընթացքում նրանց 27-ն ըստ էության լրացած է լինում, ինչը նշանակում է, որ տարկետման այս իրավունքից չեն կարողանում օգտվել։ Ուստի, առաջարկում ենք զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը միայն այս խմբի քաղաքացիների համար սահմանել 32 տարեկանը։ Նախագիծը համապատասխանաբար շրջանառված և քննարկված է»,- հարցի զեկուցման ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարարը։
Հարցի քննարկման ընթացքում ի պատասխան պատգամավորներից մեկի հարցի՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ներկա պահին այս օրենսդրական փոփոխության շահառու են դիտվում շուրջ 700 քաղաքացի, որոնք սովորում են թոփ 50 բուհերում և արդեն իսկ այդ հիմքով ունեն ակադեմիական տարկետում։
Հետագա տարիներին ծրագրի շահառու կարող են դառնալ նաև այն քաղաքացիները, որոնք կընդունվեն աշխարհի առաջատար բուհեր և հետագայում իրենց մասնագիտական նպաստը կբերեն մեր երկրի ու պետության զարգացմանը։
Նախագծի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում, պատգամավորները տարբեր հարցեր են ուղղել նախարարին։
Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ նախագիծը չի տարածվում 18 տարեկան զորակոչիկների վրա. այն բացառապես վերաբերում է արտերկրի վարկանիշային բուհերում սովորող այն ուսանողներին, որոնք ուսումնառության ավարտից հետո պետք է վերադառնան և զորակոչվելու փոխարեն Կառավարության սահմանած կարգով մասնագիտական աշխատանք կատարեն գերակա ոլորտներում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի