Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա
Աշխարհ
Արհեստական բանականության ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի անսպասելի հեռանալը փոխել է ներդրողների ուշադրության կենտրոնը։ Ընկերության եռամսյակային ֆինանսական հաշվետվությանն ընդառաջ՝ շահույթի նվազման և դրամական միջոցների օգտագործման վերաբերյալ մտահոգություններին ավելացել են հարցերը՝ կապված Nvidia-ի ազդեցության հետ արհեստական բանականության ամբողջ էկոհամակարգում։
Reuters-ի հաղորդմամբ՝ Հուանգը պաշտոնը թողել է անցած հինգշաբթի՝ արտամուսնական կապերի մասին բացահայտումներից հետո։ Դրանց թվում է եղել նաև ենթադրաբար չինացի լրտեսի հետ կապը։ Այս իրադարձությունները ճգնաժամ են առաջացրել ընկերությունում և արձագանք ստացել արհեստական բանականության ոլորտում։
Ներկայում Nvidia-ի ֆինանսական տնօրեն Քոլեթ Քրեսը ժամանակավորապես կատարում է գործադիր տնօրենի պարտականությունները։ Ընկերության տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ նոր ղեկավարի ընտրության համար մասնագիտացված ընկերություն ներգրավելու գործընթացում է։
Nvidia-ն երրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները կհրապարակի երեքշաբթի՝ բորսաների փակումից հետո։ Ներդրողներին հատկապես հետաքրքրում է՝ արդյոք ընկերությունը կկարողանա պահպանել առաջատար դիրքերը չիպերի շուկայում և շարունակել ֆինանսական աջակցություն ցուցաբերել ամպային ծառայություններ մատուցող ընկերություններին, մատակարարներին ու արհեստական բանականության լաբորատորիաներին՝ առանց իր երկարամյա ղեկավարի։
Երկրորդ եռամսյակում, որն ավարտվել է հուլիսին, Nvidia-ի հասույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան կրկնապատկվել էր, իսկ համախառն շահութաբերությունը կազմել էր 75 տոկոս։ Ընկերությունը բաժնետերերին բաժնետոմսերի հետգնման և շահաբաժինների միջոցով վերադարձրել էր 26 միլիարդ դոլար։
Երրորդ եռամսյակի համար Nvidia-ն կանխատեսել էր 108 միլիարդ դոլարի հասույթ՝ հնարավոր 2 տոկոս շեղմամբ։ Վերլուծաբանների սպասումներով՝ հոկտեմբերին ավարտված եռամսյակում մեկ բաժնետոմսի հաշվով ճշգրտված շահույթը կկազմի 2.47 դոլար՝ նախորդ տարվա 1.30 դոլարի դիմաց։
Միևնույն ժամանակ, ընկերության բաժնետոմսերի գինը հոկտեմբերյան առավելագույն ցուցանիշից նվազել է մոտ մեկ երրորդով։ Ներդրողների մտահոգություններից է նաև արհեստական բանականության ենթակառուցվածքների ֆինանսավորման մեծ ծախսերի շարունակականությունը։
Վերլուծաբանների ուշադրության կենտրոնում են նաև Nvidia-ի նոր Vera Rubin հարթակի վաճառքները, ինչպես նաև OpenAI-ի և արհեստական բանականության ենթակառուցվածքների ոլորտում գործող այլ ընկերությունների հետ ֆինանսական գործարքները։ Ըստ որոշ գնահատականների՝ Nvidia-ի ստանձնած ֆինանսական պարտավորությունները՝ կապված չիպերի մատակարարումների, տվյալների կենտրոնների վարձակալության և ներդրումների հետ, գերազանցում են կես տրիլիոն դոլարը։
Ներդրողները սպասում են, թե ժամանակավոր ղեկավար Քոլեթ Քրեսն ինչպես կարձագանքի ընկերության ապագայի, ֆինանսական պարտավորությունների և ղեկավարության փոփոխության վերաբերյալ առաջացած հարցերին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի