Մոսկվայում ամփոփվել է «ԻնտերՆովոստի» նախագծի 2026 թվականի աշխատանքը
Քաղաքական
Մոսկվայում ավարտվել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» իրականացրած «ԻնտերՆովոստի» միջազգային նախագծի 2026 թվականի ծրագիրը։ Այս տարի դրան մասնակցել են ավելի քան 100 երիտասարդ լրագրողներ, բլոգերներ և մամուլի ծառայությունների աշխատակիցներ Հայաստանից, Աբխազիայից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Հարավային Օսիայից։
Ծրագրի շրջանակում մասնակիցները ներկա են գտնվել «Ռոսիա» ազգային կենտրոնում անցկացված «Եվրասիա» միջազգային մրցանակաբաշխությանը։ Նրանք նաև ռուսաստանցի գործընկերների հետ մասնակցել են լրատվամիջոցների համար կազմակերպված միջոցառումներին և հարցազրույցներին։
Հարցազրույցների մասնակիցների թվում էին «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության հոգաբարձուների խորհրդի և ՊՍԲ բանկի նախագահ Պյոտր Ֆրադկովը, նույն կազմակերպության համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան, միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, «Եվրասիայի» հոգաբարձուների խորհրդի անդամ, «Ա7» ընկերության գլխավոր տնօրեն Իլան Շորը և «Ռուսական մարդասիրական առաքելություն» կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկը։
«Եվրասիա» միջազգային մրցանակը շնորհվում է Եվրասիական մայրցամաքի երկրների զարգացմանը, միջազգային համագործակցությանը, ավանդական արժեքների պահպանմանն ու մշակութային կապերի ամրապնդմանը նպաստող նախաձեռնությունների համար։ Կազմակերպիչների տվյալներով՝ այս տարի մրցույթին ներկայացվել է 5512 հայտ՝ 73 երկրից, իսկ մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել ավելի քան 1000 հյուր։ Անվանակարգերի թվում էր նաև մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր «Ռոսսոտրուդնիչեստվոյի» սահմանած «Ռուսաստանի բարեկամ» հատուկ անվանակարգը։
Միջոցառմանը մասնակցելը երիտասարդ լրագրողներին հնարավորություն է տվել ծանոթանալու ռուսաստանցի գործընկերների աշխատանքին և միջազգային խոշոր իրադարձություն լուսաբանելու գործնական փորձ ձեռք բերելու։
«ԻնտերՆովոստի» նախագծի 2026 թվականի ծրագիրը ներառել է երկու ուղղություն՝ մասնագիտական պրակտիկա և ճանաչողական այցեր։ Պրակտիկայի մասնակիցները մեկ շաբաթ աշխատել են Business FM-ի խմբագրությունում։ Ճանաչողական ուղղության մասնակիցները հանդիպել են «Իզվեստիա» մուլտիմեդիա տեղեկատվական կենտրոնի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գործընկերներին, այցելել ՏԱՍՍ, «Կոմսոմոլսկայա պրավդա», RT, «Կոմերսանտ» հրատարակչական տուն, NEWS.RU, Rutube և Mash։
Երիտասարդ մասնագետների համար անցկացվել են վարպետության դասեր, դասախոսություններ և գործնական պարապմունքներ։ Մասնակիցները ծանոթացել են խմբագրությունների աշխատանքին ու ժամանակակից մեդիատեխնոլոգիաներին։
Փորձագետների հետ հանդիպումներում քննարկվել են լրագրողին անհրաժեշտ հմտությունները, արհեստական բանականության և ապատեղեկատվության տարածման պայմաններում տվյալների հետ աշխատանքը, ինչպես նաև լրագրողական էթիկան։
Ծրագրի մասնակիցներն այցելել են նաև ՌԴ Պետդումա և Դաշնության խորհուրդ։ Պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներում նրանք ծանոթացել են մամուլի ծառայությունների աշխատանքին և սոցիալական ցանցերում պաշտոնական էջերի վարման առանձնահատկություններին։
Մշակութային ծրագիրը ներառել է շրջայցեր Մոսկվայում, այցելություններ «Ռոսիա» ազգային կենտրոն, Տրետյակովյան պատկերասրահ և Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան։
Ծրագիրը հնարավորություն է տվել մասնակիցներին գործնական խորհուրդներ ստանալու փորձառու լրագրողներից, մասնագիտական նոր կապեր հաստատելու և գործընկերների հետ փորձ փոխանակելու։
Տեղեկանք
«ԻնտերՆովոստի» նախագիծը «Ռոսսոտրուդնիչեստվոն» իրականացնում է 2023 թվականի դեկտեմբերից։ Դրա նպատակն է նպաստել մեդիա ոլորտի մասնագետների փորձի փոխանակմանն ու մասնագիտական զարգացմանը, երիտասարդ մասնագետներին ծանոթացնել ռուսաստանյան մեդիաարդյունաբերությանը, զարգացնել միջազգային մեդիա երկխոսությունն ու ամրապնդել հումանիտար կապերը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի