Նոր ընդդիմություն են բուծում
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է.
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով այս օրերին նոր ֆեյք ընդդիմադիր ուժեր են աճեցնում, որոնք պետք է մոտ ապագայում՝ սահմանադրական փոփոխություններից առաջ, ակտիվ գործունեություն ծավալեն` «թեթեւի մեջ» քննադատեն իշխանություններին, վերջում էլ կոնսենսուս ցուցադրեն նոր սահմանադրության հարցում՝ դրանով լեգիտիմություն հաղորդելով իշխանության նախաձեռնած գործընթացին։ Դեռեւս հոկտեմբերի 26-ին՝ ՏԻՄ ընտրությունների առիթով Փաշինյանը, Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Հայաստանի 19 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներին, ասել էր, որ Հայաստանին նոր պետականամետ, օբյեկտիվ, ազնիվ եւ այլ որակներով ընդդիմություն է պետք։ Իհարկե, նա դա ներկայացրել էր այլ սոուսով` այլ քողի ներքո, սակայն իրական նպատակը բոլորովին այլ է։ «Երեկ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում ՔՊ-ն կամ, այսպես ասենք, պրոքպական թեկնածուները եւ թիմերը տարան ջախջախիչ հաղթանակ։ Եվ այս իրավիճակը պետք է մի քանի դիտանկյունից արժանանա քաղաքական գնահատականի։ Դա պարզ իրավիճակ չէ, եւ ես ուզում եմ իմ գնահատականներն ու ընկալումները ներկայացնել։
Առաջինը՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես խոստացել էի, եւ դա իմ հանձնառությունն էր, որ ռոբա-սերժա-կալուգա-կտրիճական ուժերը կամ, մեկ բառով ասած, լրտեսական ուժերը, պատերազմի եռագլուխ-քառագլուխ կուսակցությունը պետք է ոչնչացվեն, եւ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիների օգնությամբ եւ աջակցությամբ։ Բայց, մյուս կողմից, ես ուզում եմ անկեղծ եւ ուղիղ ասել՝ որպես 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ, ամենեւին էլ երջանիկ չեմ, որ մենք մի շարք համայնքներում ստացել ենք 90+, 80+ կամ 70+ ձայներ, որովհետեւ, ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում։ Բայց դրանք առաջ են բերում նաեւ ընդդիմության հարցը Հայաստանում։ Մենք պետք է այս իրավիճակը ճիշտ գնահատենք. մի կողմից պետք է իսկապես Հայաստանից արմատախիլ անենք լրտեսական ընդդիմությունը, որը կառավարվում է դրսից, բայց, մյուս կողմից, Հայաստանը պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն»,- ասել էր Փաշինյանը` մոռանալով, որ հենց ինքն է ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիրների դեմ գործի դրել վարչական ողջ ապարատը, ուժայիններին: Եվ այն, որ իրականում ընտրություններ տեղի չեն ունեցել, եւ ՔՊ-ականները մնացել են առանց մրցակիցների, իր ջանքերի շնորհիվ է։
Իսկ իրականությունն այն է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին հավաքական ընդդիմությունը շատ քիչ էր զիջում իշխանությանն իր ստացած ձայներով, ինչն իր մեջ վտանգներ է պարունակում, մանավանդ՝ եթե նոր ընտրություններ կարող են կայանալ։ Ճիշտ է` Փաշինյանն ընդգծել էր, որ իրենք քննարկել են նոր ընդդիմության ձեւավորման հարցը, թե ինչ կարելի է անել, ինչ պետք է անի կառավարությունը նոր ընդդիմության ձեւավորման համար, բայց. «Մեր եզրակացությունն այն է, որ մենք ոչ մի բան պետք է չանենք, նկատի ունեմ՝ գործնական եւ ակտիվ չլինենք այս առումով, հակառակ դեպքում մենք կարող ենք ընկնել ավելի վատ վիճակի մեջ եւ վատագույն պրակտիկան Հայաստանում վերականգնելու փորձ անենք։ Հիշում եք՝ Հայաստանում կար, այսպես կոչված, հաճախորդ եւ կառավարելի ընդդիմություն։ Դա նույնքան աղետ է Հայաստանի համար։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է ձեւավորվի նոր, պետականակենտրոն եւ իրական ընդդիմություն, որն իրական քաղաքական գործունեությամբ, այլ ոչ թե լրտեսական գործունեությամբ կզբաղվի։ Այն, որ սա անհրաժեշտ է, ակնհայտ է, բայց մյուս կողմից կառավարությունը չի կարող եւ չպետք է ընդդիմություն ստեղծի, որովհետեւ դա կլինի կառավարվող, կեղծ ընդդիմություն»։
Իրականում, իշխանությունը ոչ միայն ընդդիմություն ստեղծելու գործընթացը սկսել է, այլեւ ներկայում տարբեր ֆորմատներով փորձում են «իրենց վրա քաշել» ընդդիմության գործառույթները, որպեսզի հանրությանն իրենց ուզած օրակարգով զբաղեցնեն եւ թույլ չտան խորանալ Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների մեջ, որոնց մասին իրական՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիրներն են խոսում: Խոսքն Ալիեւի պահանջով նոր սահմանադրության ընդունման, նոր զիջումների մասին է, որոնք փակուղում են դրել Փաշինյանին։
Դիցուք, Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն է վերջին շրջանում ստանձնել թիվ մեկ ընդդիմադիրի տիտղոսը եւ «քլնգում» է քաղաքապետ Տիգրան Ավինյանին, խոսում է քաղաքային խնդիրների, հատկապես խցանումների մասին: Կա՛մ Նիկոլ Փաշինյանն է իր բանանով մոտ մեկ շաբաթ օրակարգ թելադրում, կա՛մ Հանրայինի եթերում ծեծկռտուքի ցուցադրությունն է հանրությանը զբաղեցնում: Այս ամենի իմաստն իրական մարտահրավերներից մարդկանց ուշադրությունը շեղելն է, Սահմանադրությունը փոխելու, ԹՐԻՓՓ-ի, Տիգրանաշենի եւ այլ հարցերով բարձրացված աղմուկը կանխելը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի