Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում
ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների իրականացրած բացատրական աշխատանքների շնորհիվ շարունակվում են քաղաքացիների կողմից ապօրինի պահվող զենքի և զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքներից հետո քաղաքացին զանգահարել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն և տեղեկացրել, որ Մալիշկա գյուղի վարչական տարածքում գտնվող աղբյուրի մոտ զենք ու զինամթերք է թողել։
Նշված վայր մեկնած քրեական ոստիկանները հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան, «ՌԳ» տեսակի 4 նռնակ՝ պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 297 փամփուշտ, ինչպես նաև ազդանշանային ատրճանակ։
Նույն մարզում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ևս մեկ դեպք է արձանագրվել նոյեմբերի 10-ին։ Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին կապ է հաստատել ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի հետ և հայտնել Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում թողած զենք-զինամթերքի գտնվելու վայրը։
Ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, «Մակարով» տեսակի ատրճանակ, ինքնաձիգի 3 պահունակ՝ ընդհանուր 84 փամփուշտով, «ՌԳ» տեսակի 2 նռնակ և նռնակի պայթուցիչներ։
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն արձանագրվել է նաև Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում։ Ոստիկանների իրականացրած բացատրական աշխատանքներից հետո Բագրատաշեն բնակավայրի 12-րդ փողոցի տներից մեկի բնակչուհին ներկայացրել է «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով։
ՆԳՆ ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին կամավոր հանձնել ապօրինի պահվող զենքն ու զինամթերքը՝ օրենքով նախատեսված պայմաններում քրեական պատասխանատվությունից ազատվելու նպատակով։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի