«Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան
Իրավունք
«Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով մեղադրվող Հարություն Սահակյանը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան։ Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ պարզաբանելով, որ նրա տեղափոխությունն իրականացվել է Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ կառույցների համատեղ աշխատանքի արդյունքում։
Հիշեցնենք, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 11-ին։ Մեղադրանքի համաձայն՝ հանցագործության կազմակերպիչը «Չաղ Ռուստամ» մականվամբ հայտնի Ռուստամ Ստեփանյանն է, որը, ըստ իրավապահների, նախնական համաձայնության է եկել Աշոտ Կուրեղյանի, Հարություն Սահակյանի և Սուրեն Գրիգորյանի հետ։
Քրեական վարույթի նյութերով՝ մեղադրյալները հանցագործության նախապատրաստման ընթացքում ձեռք են բերել «ԱԿ-103» տեսակի ինքնաձիգ և ոչ պակաս, քան 54 փամփուշտ։ Նախաքննության վարկածի համաձայն՝ սպանության իրականացմանն անմիջական մասնակցություն են ունեցել Հարություն Սահակյանն ու Սուրեն Գրիգորյանը։
Քննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ռուստամ Ստեփանյանի և Սերգեյ Գրիգորյանի միջև լարված հարաբերությունները սկիզբ են առել դեռևս 2018 թվականին՝ անձնական բնույթի տարաձայնությունների հետևանքով։
Նրանց միջև հակասություններն ավելի են խորացել 2020 թվականի դեկտեմբերին, երբ սոցիալական ցանցերում հրապարակվել են վիրավորական բնույթի մեկնաբանություններ, ինչի արդյունքում արդեն գոյություն ունեցող հակամարտությունն առավել սրվել է։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի