Անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. Փաշինյան
Քաղաքական
Նոր Սահմանադրության ընդունման գործընթացն առաջիկայում մտնում է գործնական իրագործման փուլ, իսկ փաստաթղթի նախնական նախագիծը կհրապարակվի արդեն հաջորդ շաբաթ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նախագիծը ներառում է դեռևս նախընտրական քարոզչության ընթացքում քննարկված հիմնական քաղաքական հենասյուները։
Անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներին՝ վարչապետն ընդգծել է, որ դրանք բացահայտել են գործընթացի կարևոր շերտերը։ Նա կրկին հարցադրում է ուղղել «Հայաստան» խմբակցությանը և ՀՅԴ-ին՝ պահանջելով հստակ պատասխանել, թե արդյո՞ք հավատարիմ են «Միասնական Հայաստանի» տեսլականին։ Ըստ Փաշինյանի՝ սա ուղղակիորեն կապված է նրա հետ, թե ինչու է ընդդիմությունը դեմ սահմանադրական փոփոխություններին և մշտապես հղում անում 1990 թվականի Անկախության հռչակագրին։
«Մենք պետք է արձանագրենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով անցում ենք կատարել Սովետական Հայաստանից դաշնակցական Հայաստանի՝ Դաշնակցության «Միասնական Հայաստանի» տեսլականը դնելով մեր պետության հիմքում։ ՀՀՇ առաջնորդությունը քաղաքական կոմպրոմիսների բերումով ստեղծել է դաշնակցական Հայաստան»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Անկախության հռչակագրում տեղ գտած՝ Արևմտյան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ վերամիավորման վերաբերյալ դրույթները Հայաստանը դրել են կոնֆլիկտային տրամաբանության մեջ։ Փաշինյանը շեշտել է, որ պետք է դուրս գալ այդ տրամաբանությունից, քանի որ «Արևմտյան Հայաստանի պատասխանը Արևելյան Թուրքիան և Արևմտյան Ադրբեջանն են»։
Վարչապետը նաև «թակարդ-հարց» է ուղղել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցություններին՝ հարցնելով, թե արդյո՞ք նրանք պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հայության վերադարձի իրավունքը։ Նա բացատրել է, որ այդ հարցի դրական պատասխանի արձագանքը լինելու է «300 հազար ադրբեջանցիների» թեզը, ինչը կրկին բախման տրամաբանություն է։
«Կա երկրորդ տրամաբանությունը, երբ մենք մեր դիրքորոշումները կառուցում ենք լեգիտիմության վրա։ Դա մեզ տալիս է ամրություն, դիմակայունություն և հասկանալիություն տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մեջ»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի