Ինչ պատրվակով է փակվել «Ջերմուկ Արմենիա» հյուրանոցը
ՀասարակությունՀամացանցում տարածված խոսակցությունների համաձայն` «Ջերմուկ Արմենիա» հյուրանոցը փակվել է վերանորոգման պատրվակով: Այս որոշումը հյուրանոցի սեփականատեր Աշոտ Արսենյանը կայացրել է հոկտեմբերի 1-ին: Ըստ տեղեկությունների` պատճառը Արցախից տարհանված քաղաքացիներին հյուրանոցում չտեղավորելն է:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Ջերմուկ Արմենիա» առողջարանից հայտնեցին, որ այն չի գործում պատվերներ չունենալու պատճառով, սակայն շինարարական աշխատանքները դեռևս չեն սկսել, իսկ Արցախից ժամանած քաղաքացիներին ընդունելու հետ կապված քաղաքապետարանի և առողջարանի ղեկավարության միջև քննարկումներ են գնում։
Չնայած առողջարանի աշխատակցի մեկնաբանությանը՝ «Ջերմուկ Արմենիա» հյուրանոցի տնօրեն Արսեն Արսենյանը, որը ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է, ասաց՝ շուրջ 3-4 ամիս է ինչ իրենց մոտ վերանորոգման աշխատանքներ են ընթանում․ «Աշխատակիցները գործի չեն գալիս, դրա համար տեղյակ չեն։ Մի քանի ամիս է` շինարարություն է կատարվում ու դեռ մեկ տարի կտևի։ Բոլոր սենյակները քանդված են։ Այս իրավիճակի հետ պետք չի կապել, մենք ամեն ինչով աջակցում ենք բանակին։ Այնպես չէ, որ մեր դուռը ծեծել են, մերժել ենք»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Արցախից տարհանված քաղաքացիներին «Ջերմուկ Արմենիա» հյուրանոցում տեղավորելու առաջարկ չի էլ եղել, քանի որ քաղաքապետարանը տեղյակ է վերանորոգման աշխատանքներից։
Արսեն Արսենյանը տարածված խոսակցությունները բամբասանք որակեց` խորհուրդ տալով չհետևել դրանց։