Հակառակը՝ գեներալի շիրիմը դարձել է ուխտատեղի․ Նազիկ Ամիրյանը հերքում է Մանվել Գրիգորյանի գերեզմանը քանդելու լուրերը
ՀասարակությունՀամացանցում տարածվել են լուրեր, թե հունվարի 6-ին ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատներն այցելել են Արշալույս գյուղի իրենց ընտանեկան գերեզմանատուն, սակայն գեներալի շիրիմն ամբողջությամբ քանդված է եղել, իսկ մարմինն, իբրև թե, գերեզմանում չի եղել:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանն, այդ տեղեկությունները հերյուրանք որակեց. «Չգիտեմ, թե ում կեղտոտ խաղերն են։ Բացատրություն էլ չունեմ, թե ինչ հետին նպատակներով են ակնհայտ կեղծ լուրեր տարածում։ Միայն կարող եմ ասել, որ թրքահաճո գործողություններ են անում։ Նմանատիպ սուտ ինֆորմացիաներ տարածողներին կարող եմ միայն հայտնել, որ իրենց նպատակներին ու ցանկություններին լրիվ հակառակ երևույթ է տեղի ունենում: Գեներալի շիրիմը դարձել է ուխտատեղի, մարդիկ անընդհատ այցելում են, ծաղիկներ են դնում, խունկ են վառում։ Երևի նման սուտ լուրեր տարածողները այլ բան են ցանկանում, բայց տեսնելով, որ իրենց ուզածը չի լինում, ավելի են կատաղում, սկսում են ինչ-որ բաներ հորինել»,- մեզ հետ զրույցում ասաց Նազիկ Ամիրյանը:
Նա նշեց, որ միայն թրքահպատակ ագենտները կարող են այդպիսի հերյուրանքներ տարածել։
Սոնա Հարությունյան