Ուկրաինայի հետախուզությունն անմիջական կապ ունի «Կրոկուսի» ահաբեկչության հետ. ՌԴ ԱԴԾ տնօրեն
Համաշխարհային Մամուլ![Ուկրաինայի հետախուզությունն անմիջական կապ ունի «Կրոկուսի» ահաբեկչության հետ. ՌԴ ԱԴԾ տնօրեն](/timthumb.php?src=disc/24-05-24/0b37fde2a394ad30fef79f979883512e.jpg&w=780)
ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ուկրաինական ռազմական հետախուզությունն անմիջական կապ ունի «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Նրա խոսքով՝ այս մասին արդեն կարելի է վստահորեն խոսել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միաժամանակ, Բորտնիկովը հավելել է, որ հետաքննությունը շարունակվում է։
«Ուզում եմ հավաստիացնել, որ հանցագործության բոլոր հանգամանքները կպարզվեն, և բոլոր ներգրավվածները չեն խուսափի պատժից»,- ասել է ՌԴ ԱԴԾ ղեկավարը։
Ինչպես գրել է Business Petersburg-ը, մայիսի սկզբին Բորտնիկովն ասել է, որ «Կրոկուսում» ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը գտնվում է արտասահմանում։ Այլ մանրամասներ նա այն ժամանակ չի հայտնել՝ վկայակոչելով հետաքննության գաղտնիությունը։
Rosfinmonitoring-ի տվյալներով՝ «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը ֆինանսավորվել է մի քանի երկրների քաղաքացիների կողմից, այդ թվում՝ կրիպտոարժույթով։ Գերատեսչության ղեկավար Յուրի Չիխանչինը հայտնել է, որ «Կրոկուսում» ահաբեկչությունն իրականացնելու համար օգտագործվել է հանցակիցների միջազգային ցանց, իսկ ահաբեկչությունն ինքնին մանրակրկիտ մտածվել է կազմակերպիչների կողմից։
Մերձմոսկովյան «Կրոկուսում» ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան՝ «Պիկնիկ» խմբի համերգի մեկնարկից առաջ։ Չորս զինված անձինք ներխուժել են շենք և սկսել կրակել այցելուների վրա, իսկ հետո հրկիզել համերգասրահը։ Ահաբեկչության զոհ է դարձել 144 մարդ, ավելի քան 650-ը՝ վիրավորվել է՝ ստանալով տարբեր վնասվածքներ։
![](banners/armflix.jpg)