Խաչատուրյանն ու ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին
Քաղաքական![Խաչատուրյանն ու ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին](/timthumb.php?src=disc/13-06-24/31d5b86bdfb690144d3e2b28bc6254dc.jpg&w=780)
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄՆ քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանին: Ողջունելով Նինա Հաչիգյանին ՝ նախագահը կարևորել է նրա այցը Հայաստան և ընդգծել համայնքային մակարդակում սերտ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: «Վստահ եմ՝ ձեր այցելությունն իր նպաստը կբերի համայնքային մակարդակով գործակցության ակտիվացման՝ փորձի փոխանակման և փոխօգնության միջոցով: Տարբեր քաղաքների կամ համայնքների միջև անմիջական և ուղիղ կապերի հաստատումը շատ կարևոր է»,- ասել է նախագահը: Նինա Հաչիգյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Ուրախ եմ տեսնել մեր երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը: Հույս ունեմ, որ իմ այցն օգտակար կլինի համագործակցության զարգացման համատեքստում»,- ասել է նա:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են քաղաքների, համապատասխանաբար մարզերի ու նահանգների միջև համագործակցության նոր հնարավորություններ գտնել, ինչպես նաև որպես քույր քաղաքներ համագործակցությունն առավել ակտիվացնել: Ընդգծվել է գործակցության մեծ ներուժ ունեցող ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացումը և գործնական քայլերի ակտիվացումը: Երկուստեք կարևորվել է օրերս կայացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակում ընդունված համատեղ հայտարարությունը, որով ուրվագծվել է գալիք տարում երկկողմ կապերի խորացման տեսլականը՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով ռազմավարական գործընկերության: Անդրադարձ է կատարվել նաև մեր երկրում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին:
![](banners/armflix.jpg)