Չեմ բացառում, որ մեր վարկանիշը անկում ապրած լինի․ Ռոմանոս Պետրոսյան
ՔաղաքականԱյո, ես չեմ բացառում, որ մեր վարկանիշը նաեւ պայմանավորված համավարակի սպառնալիքներով, տնտեսական հետեւանքներով անկում ապրած լինի։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Ես բնավ չեմ ասի, թե այսօր իշխանության բոլոր պաշտոնյաներն իդեալական են գործում կամ սրբության սրբոց են: Բնականաբար, մարդը սխալական է, մենք էլ սխալներ թույլ ենք տալիս, բայց դրանք պետք է լինեն մարդկային սխալների թույլատրելիության սահմաններում եւ որեւէ կերպ չանդրադառնան մեր վարկի եւ արդյունքների վրա: Դրա վառ ապացույցն է, որ վերջին 1,5 տարվա ընթացքում մի քանի գերատեսչություններ ղեկավարների մակարդակով փոփոխություններ ենք ունեցել: Ուժայիններ են փոխվել, մարզպետներ են փոխվել եւ այլն: Այսինքն թիմը չի կարծրացել, ինչպես նախկինում էր, երբ տասնամյակներով չինովնիկները կառավարում էին՝ անկախ գործունեության որակից»,-ասաց նա:
Մարզպետը նշեց, որ այս պայմաններում տոտալ հրաժարականի պահանջը հարված է ոչ թե մեր քաղաքական ուժին, այլ պետությանն ու ժողովրդի անվտանգությանը:
«Պատվով միասին հաղթահարում ենք համավարակը, դրանից հետո նստում ենք բանավեճի սեղանի շուրջ եւ խոսում ենք փաստարկների լեզվով»,-ասաց Պետրոսյանը: