Վրաստանի վարչապետը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում
Արտաքին ՔաղաքականՎրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և կողմերին առաջարկել է բանակցությունների համար հանդիպել Թբիլիսիում։ «Ստեղծվել է ծանր իրավիճակ, կան մեծ կորուստներ, և, ցավոք, ռազմական գործողությունների դադարեցումը և երկխոսության վերսկսումը դեռևս հնարավոր չէ: Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը ծայրաստիճան բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա: Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային մասնակիցներին առավելագույնս օգտագործել հնարավորությունները՝ կասեցնելու սրացումը և վերսկսելու երկխոսությունը», - ասել է Գախարիան: Նա շեշտել է, որ ընդհանուր շահերից է բխում հնարավորինս արագ տարածաշրջանում խաղաղություն հաստատելը: Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել այս գործընթացին, այդ թվում`Թբիլիսիում անցկացնել կողմերի ներկայացուցիչների հանդիպում` երկխոսություն վարելու համար: