«Խոսելիս կրակոցների ձայներ էին լսվում, Արամը շատ շփոթված էր, ասաց՝ մա՛մ, հանկարծ չլացես, ես գալու եմ» (լուսանկարներ, տեսանյութ)
Հասարակություն«Ժպտերես Արամը շատ ուրախ ու լուսավոր անձնավորություն էր: Նպատակասլաց էր, միշտ ձգտող, իր ուզածին հասնող: Եղբայրս սիրված էր բոլորի կողմից»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հակառակորդի դեմ ծավալած մարտերում զոհված Արամ Հովհաննիսյանի քույրը՝ Արմինե Հովհաննիսյանը:
Վերջին օրերին Արամը շատ էր նկարվում ու նկարներ ուղարկում ընտանիքին, այն մտքով, որ վերադառնալուն պես իր նկարներով մեծ և գեղեցիկ ալբոմ է պատրաստելու: Նա շատ էր սիրում աշխուժություն, միշտ փորձում էր կյանքի ռիթմին համահունչ լինել. «Հոկտեմբերի 9-ին՝ Արամի ծննդյան օրը, սպասում էինք իր զանգին, որ շնորհավորեինք ծնունդը, բայց այդպես էլ չի զանգահարում, եղբորս հետ կարողանում ենք խոսել միայն ամսի 10-ին»,- նշում է հերոսի քույրը:
Այդ օրը Արամը վերջին հեռախոսազրույցն է ունենում իր ընտանիքի անդամների հետ. «Խոսելիս կրակոցների ձայներ էին լսվում, Արամը շատ շփոթված էր: Մամային միայն հարցրեց՝ մա՛մ, երեկ նշեցի՞ք ծնունդս: Թեև նրա խառնված լինելուն՝ Արամը փորձում էր քողարկել դա՝ հանգստացնելով մորը, ասելով՝ մա՛մ, հանկարծ չլացես, ամեն ինչ լավ ա լինելու, ես գալու եմ»,- մեծ տխրությամբ վերհիշում է՝ Արմինեն:
Ինչպես նշում է քույրը, Արամի շրջապատում շատ աղջիկներ կային, բայց կար մի աղջիկ, որը յուրահատուկ կերպ էր սիրում Արամին. «Արամի հոգեհանգստի օրը մի աղջիկ եկավ, որը, ինչպես հետագայում իմացանք, այն աղջիկն էր, ով սիրում էր Արամին: Երեք օր անդադար նա գալիս էր մեր տուն, լաց էր լինում, ու երբ արդեն Արամի կարոտը առնում էր, հեռանում էր...»:
Հայրենիքի պաշտպանության համար Արամը զոհվեց հոկտեմբերի 13-ին թշնամու արձական անօդաչու թռչող սարքի հարվածից:
Զվարթ Պետրոսյան