«Ես գոհ եմ․ տղաները խաղում էին Եվրոպայի լավագույն թիմի հետ»․ Պոչետինոն՝ ՊՍԺ֊ի՝ «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին
ՍպորտՉեմպիոնների լիգայի խաղում «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակը ֆուտբոլիստների վաստակն է, ասել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:
Չորեքշաբթի ՊՍԺ֊ն Չեմպիոնների լիգայի առաջին քառորդ եզրափակչի առաջին խաղում 3-2 հաշվով հաղթեց «Բավարիային»: «Երբ հաղթում ես, ավելի հեշտ է բացատրել քո ընտրությունը խաղացողների առումով։ Բոլորը կարծում են, որ դու ամեն ինչ ճիշտ ես արել: Բայց խաղացողներին պետք է գովեստի խոսքեր ասել: Դա նրանց վաստակն է: Նրանք շատ բան զոհաբերեցին այս արդյունքին հասնելու համար, բայց առջևում կա ևս մեկ հանդիպում: Մենք գիտենք, որ դժվար է լինելու», - ասել է Պոչետինոն, մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ես գոհ եմ տղաների արդյունքից և վերաբերմունքից: Նրանք հայտնվեցին դժվար իրավիճակներում Եվրոպայի լավագույն թիմի հետ խաղում: Մենք պետք է շնորհավորենք խաղացողներին և շնորհակալություն հայտնենք նրանց զոհաբերությունների համար: Մենք ուզում ենք խաղալ նույն կերպ պատասխան խաղում», - հավելել է նա:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայում՝ ապրիլի 13-ին: