Հայտնի է մանկական երկաթուղի տանող թունելի ծխահարման պատճառը
ՀասարակությունԵրևանի մանկական երկաթուղի տանող թունելի ծխահարման պատճառը քաղաքի փոքր կենտրոնը սնուցող էլեկտրալարերի այրումն է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:
ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Արթուր Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծխի օջախը հայտնաբերված է.
«Օջախը հայտնաբերվել է, ուժերն ենք վերադասավորում, որպեսզի մարման աշխատանքներ իրականացնենք: Երևի բարձր լարում է եղել, ջերմությունից կրակ է բռնկվել: Այս պահին ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ: Հետախուզությունը դուրս կգա, կզեկուցի, որոշում կկայացնենք: 6 հազար վոլտ լարման 30 հատ մալուխներ են»,- ասաց նա՝ հավելելով, որ ամբողջ տարածքը հոսանքազրկվել է:
Դեպքի վայրում աշխատող ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն էլ հավելեց, որ այդ մալուխները քաղաքի գրեթե ամբողջ փոքր կենտրոնի այլընտրանքային լրացուցիչ հոսանքի աղբյուր են հանդիսանում.
«Մենք ունենք այլընտրանքային աղբյուր, և հիմա բոլորն արդեն պետք է հոսանքով ապահովված լինեն: Շատ արագ հնարավոր է եղել անցնել լրացուցիչ սնուցման: Անհանգստանալու որևէ խնդիր չկա»,- ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Սարյան փողոցի հարակից այգում գտնվող Մանկական երկաթուղի տանող թունելը ծխով էր պատված: Ծուխը տարածվել է նաև հարակից բակերում: