Պատգամավորն անձեռնմխելի է, պատգամավորի կարգավիճակ ունեցողն անձեռնմխելի է։ Այդ մասին դատական նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Պատգամավորն անձեռնմխելի է քրեական հետապնդումից առաջ, քրեական հետապնդման շարունակությունն ու դրա իրականացումը, բնականաբար, ևս հատվում է ու բախվում է անձեռնմխելիության ինստիտուտի հետ: Այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը ընտրված պատգամավորի թեկնածու է, և պատգամավորի թեկնածուն գրեթե նույնական ռեժիմն ունի պաշտպանվածության, ինչ ընտրված պատգամավորը»,-ասել է նա։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կվերցնի՞ պատգամավորական մանդատը, Արամ Վարդևանյանը պատասխանել է. «Պահպանե՛ք այդ հարցը, հուլիսի վերջին մեծ սիրով կպատասխանենք»։