Կարծում եմ, որ Ադրբեջանն ընկալում է Արցախում ռուս զինվորականների ներկայությունը որպես ժամանակավոր երևույթ. Ջեյմս Ապատուրայ
Արցախ«Տարածաշրջանում անվտանգության իրավիճակը կտրուկ փոխվել է»,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանին` Ադրբեջանի և Հայաստանի միջև մարդասիրական համաձայնագրում խաղացած շատ կարևոր դերի համար. «Սա ցույց տվեց, թե որքան կարևոր է Վրաստանի ներդրումը տարածաշրջանային անվտանգության մեջ»:
ՆԱՏՕ-ի պաշտոնյան նշեց, որ ղարաբաղյան պատերազմից հետո Ռուսաստանի ռազմական ներկայությունը Վրաստանի սահմաններին ընդլայնվել է:
«Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները չեն բարելավել Վրաստանի անվտանգության իրավիճակը: Ներկայումս ռուսական զորքերը գտնվում են Ադրբեջանում, այսինքն՝ Վրաստանի սահմանների մոտ ռուսական զորքերի թիվն ավելացել է: Կարծում եմ, որ Ադրբեջանը նույնպես ընկալում է ռուս զինվորականների ներկայությունը որպես ժամանակավոր երեւույթ: Որքան գիտեմ, խոսքը հնգամյա ժամկետի մասին է: Այս իրավիճակը մենք կքննարկենք մեր վրացի գործընկերների հետ», -ասել է նա:
Նշենք, որ Ս. Ապատուրայը այցով գտնվում է Վրաստանում: