Վրաստանը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Թուրքիային
ԱշխարհՎրաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Թուրքիային, որտեղ մոլեգնում են անտառային հրդեհները: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Վրաստանը:
«Այս դժվար պահին Վրաստանը համերաշխություն է հայտնում Թուրքիայի կառավարությանը և բնակչությանը: Վրաստանի կառավարության անունից ես պատրաստակամություն եմ հայտնում ցանկացած օգնություն ցուցաբերել հարևան Թուրքիային», - ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշենք, որ այս շաբաթվա կեսին անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի հարավային Անթալիա նահանգում: Դրանից հետո հրդեհներ են բռնկվել երկրի այլ նահանգներում, այդ թվում` Այդին և Մուղլու հանգստավայրերում: Բնական աղետի զոհերը վեցն են, տուժել է 183 մարդ: Ներկայումս 98 թեժ կետերից 88-ը տեղայնացվել է: Բելառուսն ու Ռուսաստանը իրենց ինքնաթիռներն են ուղարկել Թուրքիա` հրդեհների դեմ պայքարին օգնելու համար: