Երկրորդ դեպքն է արդեն, որ ռուս խաղաղապահի ներկայությամբ կրակ է արձակվում. Թագուհի Թովմասյան
Քաղաքական«Աշխարհն աչքերը փակում է, ասում է, որ ռուս խաղաղապահները ձեզ մոտ են, մենք այլևս ոչինչ չունենք անելու, բայց արդեն երկրորդ դեպքն է՝ ռուս խաղաղապահի ներկայությամբ կրակ է արձակվում։ Այս երևույթը պետք է գնահատականի արժանանա: Ես հուսով եմ, որ ռուսական կողմն աչքի կընկնի օպերատիվությամբ և վերաբերմունք կարտահայտի, որովհետև սա ապտակ է նաև ռուսական կողմին». Այս մասն այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ձևավորմանը:
«Խաղաղապահների ներկայությամբ՝ սպանվում է հայ երիտասարդ, իսկ երկուսը՝ վիրավորվում, և սա նույն այն խորհրդանշական օրը, երբ մենք կյանքի գնով կարողացանք նոյեմբերի 9-ին կանգնեցնել պատերազմը և վերջ տալ քառասունչորսօրյա մղձավանջին»,-ասաց պատգամավորը և նշեց, որ սպանվողը եղել է քաղաքացիական անձ, շինարարությամբ է զբաղված եղել, չի արել որևէ ագրեսիվ գործողություն, որը կարող էր թշնամուն դրդել նման քայլի.
«Այս ֆոնին մարդասիրական արժեքներից խոսող քաղաքակիրթ մարդկությունը լուռ նայում է, թե ինչպես է Ադրբեջանը հրավառություններով նշում մարդասպանության տոնը: Աշխարհը, իսկապես, մեզ մենակ է թողել մեր ողբի և ցավերի մեջ»,-հավելեց Թովմասյանը: