Մասիսի փոխքաղաքապետը աշխատանքից ազատման դիմում է գրել
ԲլոգոսֆերաՄասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Սիրելի մասիսցիներ, քաղաքապետարանի և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների հարգելի աշխատակիցներ,
տեղեկացնում եմ, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: 2016 թվականի դեկտեմբեր ամսից զբաղեցրել եմ Մասիսի փոխքաղաքապետի պաշտոնը և այն հնարավորինս ծառայացրել իմ սիրելի քաղաքի և նրա բնակիչների խնդիրների լուծմանը:
Թե որքանով եմ կարողացել հաջողել՝ գնահատականը կտա մասիսցին: Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում Մասիս քաղաքում իրականացվել են սոցիալական և տնտեսական բազում աշխատանքներ՝ փողոցային լուսավորության ցանցի արդիականացում և ընդլայնում, մանկապարտեզների հիմնանորոգում, խաղահրապարակների և մինի ֆուտբոլի դաշտերի կառուցում, զբոսայգու հիմնանորոգում, գազաֆիկացում և այլ ծրագրեր…
Ուզում եմ շնորհակալություն հայտնել համայնքային ծառայության աշխատակիցներին, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին և Մասիս քաղաքի բնակիչներին համատեղ, արդյունավետ և սրտացավ աշխատանքի համար՝ ի բարօրություն Մասիս քաղաքի և մասիսցու:
Կհանդիպենք առաջիկայում՝ նոր ծրագրերով և անելիքներով…»,- գրել է նա: