«2008-ից քաղհասարակության ակտիվության դեպքերը քչացել են, վերահսկողության գործառույթները շատ կարևոր են». Թագուհի Թովմասյան
ՏեսանյութերԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում քննարկում է կազմակերպել հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը հրավիրված են ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, հանրային քննարկումների փորձագետ Նունե Պեպանյանը, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը և հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկման մեկնարկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոսեց պետության զարգացման գործում քաղհասարակության դերի և նշանակության մասին.
«Քաղաքացիական հասարակության դերը մեր երկրի զարգացման գործում շատ կարևոր է: 2008թ-ից հետո, երբ քաղաքացիական հասարակությունը մի փոքր պասիվացել էր, տեսանք՝ իրավունքների ոտնահարման և խախտումների տարբեր դեպքեր էին արձանագրվում: Սա նաև այն պատճառով էր, որ քաղհասարակությունն իր ակտիվությունը նվազեցրել էր»,-ասաց պատգամավորը և ընդգծեց, որ քաղհասարակությունը Հայաստանում պետք է ավելի ակտիվ գործի.
«Մենք, որպես խորհրդարան, պարտավոր ենք այնպես անել, որ դուք ավելի ազատ գործեք, ձեր աշխատանքն ավելի արդյունավետ լինի: Ես պատրաստ եմ միշտ լսել ձեզ, քննարկել ձեր առաջարկները, ինչպես նաև հետևողականություն ցուցաբերել դրանց կյանքի կոչման հարցում, կարճ ասած՝ պատրաստ եմ լինել ձեր դեսպանը»,-ասաց նա