Թրամփը վիրավորել է Նեթանյահուին. վերջինս արձագանքել է վիրավորանքներին
ԱշխարհԻսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերին։ Այս մասին հայտնում է Maariv հրատարակությունը։
«Նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարձր է գնահատում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը ի շահ Իսրայելի պետության և նրա անվտանգության», - ասվում է «Լիկուդ» կուսակցության առաջնորդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Ընդգծվել է, որ Նեթանյահուն մեծապես գնահատում է Իսրայելի և ԱՄՆ-ի միջև դաշինքի կարևորությունը։ Հենց այս պատճառով նրա համար կարևոր էր շնորհավորել Միացյալ Նահանգների նոր նախագահ Ջո Բայդենին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Ավելի վաղ Թրամփը անպարկեշտ հայհոյանքներ էր հնչեցրել Նեթանյահուի հասցեին և ասել, որ ինքը չի խոսել նրա հետ այն պահից, երբ նա շնորհավորել է Ջո Բայդենին Միացյալ Նահանգների նախագահ դառնալու կապակցությամբ։
Նրա խոսքով՝ ի տարբերություն Իսրայելի վարչապետի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն անմիջապես չեն շնորհավորել Բայդենին հաղթանակի կապակցությամբ, քանի որ «զգացել են, որ ընտրությունները կեղծվել են»։
«Առաջին մարդը, ով շնորհավորեց (Բայդենին) Բիբի Նեթանյահուն էր, մարդ, ում համար ես ավելին եմ արել, քան որևէ մեկի համար, ում հետ գործ եմ ունեցել… Բիբին կարող էր լռել: Եվ նա սարսափելի սխալ թույլ տվեց»,- ասել է ամերիկացի նախկին առաջնորդը: