Լոնդոնի բանտում տեղի է ունեցել Ջուլիան Ասանժի հարսանիքը (տեսանյութ)
ՏեսանյութերWikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնի բանտում փոքրիկ արարողությամբ ամուսնացել է իր հարսնացուի հետ։
50-ամյա Ասանժը 2019-ից պահվում է Լոնդոնի հարավ-արեւելքում գտնվող Բելմարշ բանտում՝ ավելի քան մեկ տասնամյակ առաջ WikiLeaks-ի կողմից հսկայական քանակությամբ գաղտնի փաստաթղթերի հրապարակման հետ կապված մի շարք մեղադրանքներով:
Ասանժի եւ Ստելլա Մորիսի հարսանեկան արարողությանը ներկա են եղել չորս հյուրեր եւ երկու վկաներ։
Մորիսը լուսանկարվել է Ասանժի երկու փոքր որդիների հետ, երբ նրանք դուրս են եկել բանտից: Նա կրել է հարսանյաց զգեստ եւ քող, որոնց վրա ընկերների եւ ընտանիքի մաղթանքներն են կարված եղել: Զգեստը ստեղծել է բրիտանացի դիզայներ Վիվիեն Վեսթվուդը, որը Ասանժի ամենաակտիվ կողմնակիցներից է։
«Այս մասնավոր միջոցառման յուրաքանչյուր հատված ուշադիր վերահսկվում է՝ սկսած հյուրերի ցուցակից մինչեւ հարսանեկան լուսանկարներ»,- The Guardian-ում հարսանիքից առաջ գրել է Մորիսը: «Սա բանտային հարսանիք չէ, սա սիրո եւ տոկունության խոստովանություն է, չնայած բանտի պատերին, չնայած քաղաքական հետապնդումներին, չնայած կամայական կալանավորմանը, չնայած Ջուլիանին եւ մեր ընտանիքին հասցված վնասին ու ոտնձգություններին»:
Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը մերժել էր Ասանժի բողոքն ընդդեմ լրտեսության մեղադրանք առաջադրելու համար նրան ԱՄՆ արտահանձնելու բարձր դատարանի որոշման: