«Սահմանային լարվածության հավանականությունը բավականին բարձր է». ի՞նչ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից
ՔաղաքականՓաշինյան-Ալիև հանդիպումը եվրոպական հարթակում զգալի չափով զսպող գործոն է Ալիևի համար: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով այսօր՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Նա շատ բարձր գնահատեց այս խառը ժամանակներում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի երեկվա հեռախոսազանգը և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին. «Դա ցույց է տալիս, որ եվրոպական հարթակում կայանալիք հանդիպումը ուշադրության կենտրոնում է նաև Միացյալ նահանգների համար: Իրատեսությունը թելադրում է, որ մեկ հանդիպման արդյունքներով ինչ-որ ճեղքումներ չենք սպասելու, բայց հույս ունենք՝ որոշակիորեն կհստակեցվեն խաղաղ գոյացության խաղի կանոնները, մինչև հարցի վերջնական լուծումը»,- նշեց նա:
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանը իր լկտիությունը, այնուամենայնիվ, պետք է զսպի, հակառակ դեպքում, կսկսվի ընկալվել ոչ թե խնդիրների լուծման, այլ հենց խնդրի մաս՝ իր բոլոր հետևանքներով. «Այդ հանդիպումը շատ կարևոր է, ինչպես նաև կարևոր է այդ հանդիպման արևմտյան մասնակցությունը, որպեսզի հավասարակշռվի ռուսական մոնոպոլիան Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ինչը բխում է ՀՀ շահերից»,- ասաց մեր զրուցակիցը:
Վերջինս չի բացառում, որ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո սահմանին հնարավոր է թեժացումներ լինեն. «Սահմանային լարվածության հավանականությունը բավականին բարձր է, բայց այստեղ շատ բան կախված է հենց Հայաստանից: Այն պետք է իր՝ որպես անկախ և սուվերեն պետություն, բոլոր իրավունքներն ու հնարավորություններն օգտագործի նման պահվածքի գինը անհաղթահարելի դարձնելու համար: Սահմանին տեղի ունեցածը ոչ թե միջադեպեր են, այլ քաղաքականություն է, որն ունի քաղաքական գին. մեր խնդիրն է այդ գինը Ադրբեջանի համար դարձնել շատ բարձր: Հայաստանը դրա համար ունի բոլոր հնարավորությունները»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ միջազգային ճնշումը պետք է ուղղել հենց դեպի Ադրբեջանը: