Հաջորդ կառավարության համար առաջնային խնդիր է լինելու ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումը. Զաքարյան
ՔաղաքականՃշգրիտ և նպատակային արտաքին քաղաքականությունը մեր անվտանգության, խաղաղության, կայունության, ազգային արժանապատվության և մեր ժողովրդի իրավունքների իրացման գլխավոր երաշխավորներից մեկն է: Այս մասին այսօր` հունիսի 18-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ասաց ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Հաջորդ կառավարության համար առաջնային խնդիր է լինելու նախ և առաջ ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումը, որը պետք է համապատասխանի աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և տա Հայաստանին ու Արցախին ուղղված սպառնալիքների պատասխանները: 44-օրյա պատերազմի արդյունքները չեն կարող փոխել Արցախյան հիմնախնդրի կարգավորման ձևաչափն ու Ադրբեջանից դուրս կարգավիճակ ստանալու հարցը: Այն պետք է շարունակվի Մինսկի խմբի ներքո, բանակցության հիմք հանդիսացող միջազգային սկզբունքների հիման վրա՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց նա:
Զաքարյանի խոսքով` հաջորդ կառավարությունը շահագրգիռ և աներկբա է լինելու Հնդկաստանի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների, ինչպես նաև Ճապոնիայի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման և համագործակցային նոր հարաբերությունների հաստատման գործում:
«Մենք պարտավոր ենք արտաքին քաղաքականության մեջ լինել ակտիվ, գործնական և կառուցողական՝ համադրելով բոլոր հնարավոր շահերն ու փոխադարձ հետաքրքրությունները: Մեր բարեկամ երկրների հետ պետք է լինենք մաքսիմալ բաց, անկեղծ, հասկանալի և վստահելի՝ հենվելով փոխադարձ շահերի հարգանքի և համագործակցության առողջ մթնոլորտի վրա: Արտաքին քաղաքականությամբ մենք շատ արագ շտկելու ենք նաև մեր երկրի ու ժողովրդի միջազգային խաթարված հեղինակությունը, որն արժանապատիվ ու ապահով ապրելու կարևորագույն պայմաններից մեկն է»,- նշեց Զաքարյանը: