Սոցիալական ցանցերում պետք է լինել առավելագույնս ակտիվ, տարածել հայկական կողմի դիրքորոշումը. ՏՏ փորձագետը՝ այս օրերին մեդիան ճիշտ օգտագործելու մասին
Общество«Իրականում խորհուրդ է տրվում առհասարակ չշտապել ու օգտվել այն աղբյուրներից, որոնց իրենք ճանաչում են և որոնց վստահում են:
Պետք է ընտրել կամ միանալ հայաստանյան վստահելի լրատվամիջոցների, որտեղից ինֆորմացիան ճիշտ է դուրս գալիս, այսինքն ցանկալի է հետևել ոչ թե մի քանի օր առաջ ստեղծված կասկածելի լրատվամիջոցների, ալիքների, բլոգերների հետևել, այլ ծանրակշիռ, տարիներ շարունակ գործող լրատվամիջոցների, որովհետև եթե լուրջ կարևոր տեղեկություն լինի, այդ որակյալ լրատվամիջոցները կլուսաբանեն»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՏՏ փորձագետ Արթուր Պապյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես ինքնապաշտպանվել սոցհարթակներում այս լարված օրերին:
«Նախկինում մենք ասում էինք օգտվեք միայն պաշտոնական աղբյուրներից, բայց էսօր հակված չեմ նման բան ասելու, որովհետև, ինչպես տեսնում ենք, ոչ միշտ է դա բավարար: Դրանից բացի, շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիները չընկնեն էմոցիոնալ դաշտ: Այսինքն՝ երբ տեսնում են չափից դուրս ուրախացնող, չափից դուրս տխրեցնող, սարսափազդու ինֆորմացիներ` առաջին հերթին պետք է սպասեն, չշտապեն, փորձեն իրենց համար արդեն ընտրած որակյալ գոնե մի քանի լրատվամիջոցներով նորից նայել՝ կա արդյոք նման բան իսկապես, հետո նոր դիմեն լայքելու, տարածելու պրակտիկային, որովհետև մենք արդեն տեսել ենք բազմաթիվ ֆեյքեր, որոնք տարածում են շաբաթներ, նույնիսկ ամիսներ ու տարիներ առաջվա իրադարձություններ, իբր այսօրվա եղած է, անհեթեթ կոչեր են հնչեցնում, որ մոբիլիզացիա արեք:
Էդպիսի բաներին պետք չի տուրք տալ, եթե նման կոչերի անհրաժեշտություն լինի` վստահ եմ, որ որակյալ լրատվամիջոցներում դա կլուսաբանվի: Հաջորդն այն է, որ մենք տեսնում ենք անծանոթ հեռախոսահամարներից զանգեր՝ վայբեռով, վոթսափով, տարբեր հարթակներով, և նույնիսկ փորձեր, որոնք դեռևս չենք արձանագրել, բայց գիտենք, որ նման բաներ լինում են ադրբեջանական կողմից, երբ որ կոտրում են օգտատերերի պրոֆիլներ կամ քիչ թե շատ տարածվածություն ունեցող էջեր, բժիշկների, տարբեր ոլորտի մասնագետների էջեր կոտրել ու դրանցով ապատեղեկատվություն տարածել, ինչ-որ կոչեր հնչեցնել: Ամեն ինչին պետք է սկզբունքորեն մոտենալ, ոչ մի բանին չվստահել»,-ասաց փորձագետը:
Պապյանի խոսքով՝ դեռ ադրբեջանական հաքերների կողմից կայք կամ պրոֆիլ կոտրելու ակտիվություն չի նկատվում.
«Ես հետևում եմ այդպիսի մի քանի ադրբեջանական խմբերի ալիքների, այդտեղ առանձնապես ակտիվություն չեմ տեսել, և այն կայքերը, որոնց հետ աշխատում եմ, էդտեղ ուղղակի բարձր տրաֆիկ է եղել՝ պայմանավորված լրատվական թեմայով, բայց հաքերային հարձակումներ իմ տեսած 4 տասնյակ լրատվամիջոցներում, կայքերում չեմ արձանագրել: Դա դեռ չի նշանակում, որ չկա, ուղղակի այս պահին չեմ կարող ինչ-որ լիարժեք բան ասել: Պետք է ամբողջական դաշտին տիրապես, որ ասես»:
Հարցին, թե ինչպես է փոխվել հանրությունը 44-օրյա պատերազմից հետո, ավելի դիմակայում է տեղեկատվական պատերազմից, թե ոչ, Պապյանը ասաց.
«Ինձ մոտ տպավորություն է, որ հանրությունը հոգնել է լուրերից, ամեն ինչից: Համեմատական պասիվություն եմ տեսնում, ավելի զսպվածություն: Քննարկումներ, իհարկե կան, քիչ թե շատ ինչ-որ ակտիվություններ լինում են տելեգրամում, տիկտոկում, բայց համեմատաբար ավելի պասիվ է այս անգամ»:
Ինչ վերաբերվում է մեդիահարթակների արգելափակմանը Պապյանը կարծիք հայտնեց, որ նման գործելաոճը արդյունավետ չի ինֆորմացիոն պատերազմի պարագայում:
«Փակելը ռեակտիվ գործողություն է, ուղղակի ինչ-որ ռեակցիա եք տալիս: Հակառակը՝ սոցիալական ցանցերում պետք է լինել առավելագույնս ակտիվ, տարածել հայկական կողմի դիրքորոշումը: Ադրբեջանը դեռ փետրվարից գործում է դաշտում, փորձում են հայերին, հայաստանցիներին ներկայացնել որպես Ռուսաստանի դաշնակից, և փորձում են դիրքավորվել էնպես, որ սա ոչ թե ագրեսոր, դիկտատոր հանցավոր ռեժիմ է դեմոկրատական վարչակարգի նկատմամբ, ինչը-որ իրականություն է, այլ իրենք փորձում են ասել, թե չէ՝ ընդհակառակը, ռուսները ուկրաինացիների վրա են հարձակվում, հայերն էլ հարձակվեցին մեր վրա: Թուրք-ադրբեջանական տանդեմը առաջ է քաշում այսպիսի մի ծրագիր, որ իբր հայերն են սկսել, հայերը Ռուսաստանի դաշնակից են, իսկ կոլեկտիվ Արևմուտքը Ռուսաստանին դիտում է որպես ագրեսոր պետություն, ու մեզ փորձում են էդ նժարի վրա դնել: Էս ենթատեքստը իմանալով ավելի արդյունավետ է, որպեսզի հայաստանյան լրատվամիջոցները հնարավորինս ակտիվորեն տարածեն հայկական տեսակետը, հայ օգտատերերը խելամիտ, համակարգված, ճիշտ ձևակերպումներով տարածեն հայկական տեսակետը, այլ ոչ թե մենք փակվենք, իզոլացվենք, իսկ նրանք մեր մեջքի հետևում ինչ ուզեն ասեն»:
Լուսինե Ալեքսանյան