Արցախի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հանդիպել են ԱրՊՀ գիտխորհրդի և ուսխորհրդի անդամների հետ
ԱրցախՍեպտեմբերի 20-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցի գլխավորությամբ, հանդիպել են Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի և ուսխորհրդի անդամների հետ:
Հանդիպմանը, որին ներկա էր նաև ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակի, աշխարհաքաղաքական զարգացումների, առկա մարտահրավերների հետ կապված հարցեր:
Խորհրդարանականները ներկայացրել են սեպտեմբերի 15-17-ը ՀՀ-ում ունեցած հանդիպումների մանրամասները: Նրանք ընդգծել են, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշվի Արցախում, առանց մեր ժողովրդի ու իշխանության որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու՝ հայաստանյան գործընկերների հավաստիացումները պատգամավորները փոխանցեցին հանրությանը:
Խորհրդարանականները պատասխանել են դասախոսական կազմի և ուսանողության հարցադրումներին: Նրանք նշել են, որ խաղաղության օրակարգը տեսնում են Արցախի ինքնիշխանության պահպանման ու Հայաստանի անձեռնմխելիության պայմաններում:
Ստեղծված իրավիճակում պատգամավորները երկպառակտությունից խուսափելու, տարաձայնությունները մի կողմ թողնելու, ազգային օրակարգի շուրջ համախմբվելու կոչով են հանդես եկել:
Ամփոփելով հանդիպումը՝ ռեկտոր Արմեն Սարգսյանը շեշտել է նման հանդիպումների անհրաժեշտությունը, օրենսդիր-ժողովուրդ կապի ամրապնդումը: ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը նշել է, որ հանդիպումների շարք են նախատեսում հանրության լայն շերտերի հետ: