Համախմբման յուրաքանչյուր քայլ Արցախում փրկության հույս է առաջացնում․ արցախցի պատգամավորը՝ Վեհափառի և նախագահների հանդիպումների մասին
НКԱմենայն Հայոց Կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Եսայի քահանա Արթենյանը: «Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը»,-նշել է նա:
Մեր դիտարկմանը, թե ինչպե՞ս են վերաբերում Արցախում այս ձևաչափին և ի՞նչ ակնկալիքներ ունի արցախահայությունը այս համատեքստում, Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց հետևյալը․
«Արցախի սուբյեկտայնությունը դեռ երբեք այսքան ցածր չի եղել, Արցախի ու արցախցու խնդիրները, ձայնն ու մոտեցումներն աշխարհի համար դեռ երբեք այսքան անտեսանելի ու աննկատ չեն եղել: Դրան նպաստում են Հայաստանի իշխանության կողմից Արցախի սուբյեկտայնությանը շարունակաբար հասցվող հարվածները»:
Արցախցի խորհրդարանականի համոզմամբ, առավել քան երբևէ, այսօր անհրաժեշտ է համախմբվել, ոտքի կանգնել ու թույլ չտալ Արցախի հայաթափում, թույլ չտալ Արցախի շահերի անտեսում, թույլ չտալ Արցախի քաղաքացու իրավունքների ոտնահարում:
«Միասնականության ու համախմբան յուրաքանչյուր քայլ Արցախում փրկության հույս է առաջացնում: Ձևաչափը միանշանակ դրական արձագանք ունի, քանզի Արցախում մեկ կարծիք կա, որ առավել քան երբևէ՝ այսօր մեզ անհրաժեշտ է համայն հայության լայն համախմբում՝ Հանուն Արցախի Պաշտպանության»,-շեշտեց մեր զրուցակիցը։
Համախմբում ոչ թե անհատների կամ քաղաքական ուժերի շուրջ, այլ գիտակցության, որ Հայրենիքը միակն է, անփոխարինելի և այն կարիք ունի պաշտպանության, հավելեց Մետաքսե Հակոբյանը։
Արա Ալոյան