«Արցախից հրաժարվողը հրաժարվելու է նաև ՀՀ-ն պաշտպանելուց». Տաթևիկ Հայրապետյան
ԲլոգոսֆերաԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատված Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 5-ի ԱԺ ելույթից՝
– Սերժ Սարգսյանն ու Էդուարդ Նալբանդյանն էլ են Հայաստանը ճանաչել Ադրբեջանի մաս...
Դահլիճից ՔՊ-ական պատգամավորները շտկում են՝ Ղարաբաղը...
Նիկոլ Փաշինյանը շարունակում է. «Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս: Էդ հլը կարող է լեզվի սայթաքում չի [որ Հայաստանը նշեց Արցախի փոխարեն], այդտեղ ուրիշ խորքեր էլ են կան, եթե ես ճիշտ լսեցի՝ ես ինչ ասեցի...»:
Մինչ այդ սեպտեմբերի 30-ի իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ՀՀ-ի տարածքը ամորֆ է, և իրենց ուժը փորձում է դա ֆիքսել: Այս աբսուրդային թվացող, բայց թիրախային տարածվող հայտարարությունները ևս մեկ անգամ գալիս են փաստելու, որ Արցախից հրաժարվողը հրաժարվելու է նաև ՀՀ-ն պաշտպանելուց: Այն թեզը, թե Արցախը հանձնում են, որ ՀՀ-ն փրկեն, որևէ քննություն չի բռնում, քանի դեռ պետության ղեկավարը սեփական երկրին վերաբերում է որպես ամորֆ տարածքի, որը նախկինները հանձնել են թշնամուն, նրանից որևէ բան, բացի վնասից ակնկալել հնարավոր չէ:
Հ.Գ. Կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանի խնդրահարույց ձևակերպումները չտարածվեն հակառակորդին հասանելի լեզուներով, քանի որ դրանք մեծապես կվնասեն մեզ։ Ես առհասարակ չէի մեջբերի, բայց կարևոր է հասկանալ, թե ում հետ գործ ունենք, քանի որ վստահ եմ շատերի նյարդերը չի հերիքում հետևել նրա հակապետական ելույթներին»: