Բաքվին և Երևանին ուղիղ երկխոսության կոչ ենք անում. ԱՄՆ Պետդեպ
Արտաքին ՔաղաքականԵրևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գրավականն է, ուստի ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում հանդիպում անցկացնել ցանկացած ձևաչափով։ Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը` ճեպազրույցում պատասխանելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հարցին։
«Մենք երկու երկրների ղեկավարներին կոչ ենք արել հանդիպել ցանկացած ձևաչափով, որը օգտակար կլինի նրանց համար։ Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունը շատ կարևոր է այս խնդրի լուծման և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Չկա ավելի մեծ աջակցություն, քան ԱՄՆ աջակցությունը Հարավային Կովկասի երեք երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը։ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի անկախության վերականգնումը 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը հսկայական ազդեցություն ուներ, ապահովեց այս երեք երկրների ինքնիշխանությունը և սեփական արտաքին քաղաքական շահերը հետապնդելու իրավունքը»,- ասել է Պատելը։